Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խնդրին։ Նա ասաց, թե այն հայտարարությունը, որ հիմնախնդրի բանակցությունները չեն կարող արդյունավետ ընթանալ առանց Արցախի Հանրապետության, շատերի կողմից ներկայացվել են որպես նորույթ։
Ն. Փաշինյանի խոսքով՝ դա ոչ թե նորույթ է, այլ լավ մոռացված հինն է։ Նա հիշեցրեց, որ 1994 թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում է հաստատվել, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, իսկ 1998 թվականից հետո ՀՀ ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից։
«Ճի՞շտ են արել, թե՞ սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահը, իսկ Սերժ Սարգսյանն Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է։ Հետևաբար՝ նրանք կարող էին ունենալ, կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում։
Նույն բանը չեմ կարող անել ես։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ»,-հայտարարեց Ն. Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ ԼՂՀ ժողովուրդը չի մասնակցում ՀՀ ընտրություններին, փոխարենն ունի իր իշխանությունը, և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը։
Նա ասաց, որ ինքը պատրաստ է բանակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բայց մինչ այդ՝ ամեն ինչ անելու է բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Վարչապետը նաև ընդգծեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց Ադրբեջանի ԶՈՒ-ի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի հայկական զինված ուժերի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին։