Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնների նշանակվող անձինք պետք է կոռուպցիոներների համբավ չունենան, որպեսզի հնարավոր լինի իրոք բարեփոխումներ իրականացնել համակարգում: Lragir.am-ի հետ զրույցում այս խնդրին անդրադառնում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը:

«Այս փուլում տեղեկություններ են հասնում մեզ, որ ՊԵԿ համակարգ այնպիսի ծառայողներ են ընդունվում աշխատանքի, ովքեր անգամ ՀՀԿ իշխանության ժամանակ էին մերժված համարվում»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:Նրա խոսքով՝ գործարարները հիմա ավելի շատ թափանցիկ ու անկաշառ աշխատանք են սպասում ՊԵԿ-ից: Որոշ կոռուպցիոն դեպքեր, բոլորը գիտեն, որ եղել են այս կառույցում, բայց նոր իրականության մեջ դրանք պետք է արդեն բացառել: Նոր Հայաստանում, ըստ Գրիգորյանի, չպետք է լինեն նման դեպքեր, այդ դեպքերի հետ կապված անուններն էլ չպետք է աշխատեն համակարգում:

Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ հարկային ու մաքսային համակարգում աշխատում են նաև կոռուպցիայից զերծ, բարեխիղճ ու նվիրված բազմաթիվ աշխատողներ: Եվ այս փոփոխությունների ֆոնին «մաքուր» աշխատակիցներին անտեսելը սխալ քաղաքականություն է:

«Այդ մարդիկ պետք է ունենան մասնագիտական աճ: Այսօր էլի նույն իրավիճակն է, ինչը ՀՀԿ ժամանակ էր, ծանոթ-բարեկամներով մարդ են ընդունում աշխատանքի, անտեսվում են ռեալ մասնագետները: Աշխատակիցներ գիտեմ, ովքեր երկար տարիներ այդ համակարգում աշխատում են, իսկապես նվիրյալներ են: Մեկ էլ հանկարծակի այնպիսի մարդիկ են ընդունվում աշխատանքի, որոնց ունեցվածքն ու հնարավորությունները ընդհանրապես չեն համընկնում համակարգի և իրենց ստացած աշխատավարձի հետ: ՊԵԿ-ը պարտավոր է լինել մաքրամաքուր, որ երբ հարկատուն իր հարկը վճարում է, չմտածի, որ իր հարկերը պահանջող ՊԵԿ աշխատակիցը անօրինական գործարքների մեջ է եղել կամ միլիարդների կարողություններ ունի: Չի կարող այլևս նման համակարգ գործել Հայաստանում»,- ասաց մասնագետը:

loading...