Մաթեմատիկան, ծրագրավորողներն ու կենսաթոշակայինը

Քանի որ անձամբ այդ տղային չեմ ճանաչում, առանց անունը գրելու պատասխանեմ մի հետաքրքիր փաստարկման։ Այն է. Պետությունը թող ոչ թե կուտակայինին 25000 տա, այլ այդքան մեծացնի այսօրվա թոշակները։


Հիմա թվերով։

Տարբերակ Ա
Մոտ 300 հազար կենսաթոշակառու կա այսօր։ Յուրաքանչյուրի թոշակը 25000 դրամով ավելացնելու համար անհրաժեշտ է ևս 7.5 միլիարդ դրամ (ամսական)։ Թեպետ ծրագրավորողների բոլոր համայնքը չի, որ դեմ է կուտակայինին, բայց դե վերցնեմ 15000 ծրագրավորող, ենթադրելով, որ նման պնդում են անում։ Նրանց համար «ղրաղ դրած» 25000-ական հանրային միջոցն ընդամենը 375 միլիոնով կբավականացնի թոշակը բարձրացնելուն։ Իսկ մնացածը, ենթադրելով միջինը մեկ միլիոն դրամ աշխատավարձ այս ոլորտում, բաշխում եմ հենց իրենց մեջ ու բարձրացնում եկամտահարկը ևս 48 տոկոսով։ Ինչու՞, շատ պարզ, եթե այս համայնքը չի ցանկանում ապագա թոշակային համակարգը և պատրաստ է հին համակարգով շարժվել, ապա միայն նրանք են մնում պատասխանատու այսօրվ թոշակը բարձրացնելու պատվավոր գործին։ Լավ լուծում է, հենց իրենց առաջարկով՝ ծրագրավորողների եկամտահարկը դարձնենք 65 տոկոս, լուծենք այսօրվա թոշակառուների հարցը հին համակարգով նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել հին համակարգը։

Տարբերակ Բ
Եթե հեղինակը նկատի ուներ միայն իրենց մասով 25000-ականներով բարձրացնել կենսաթոշակը, ապա թոշակը կբարձրանա 1250 դրամով։

Տարբերակ Գ
Եթե հեղինակը նկատի ունի կուտակայինին չմիացած աշխատողների 20 տոկոսին /իհարկե նրանց աշխատավարձը այդքան բարձր չի, ու այստեղ շատ տարբեր մասնագիտություններ կան/, ապա պատրաստ եմ թերի տրամաբանությունը շարունակել այսպես։ Ենթադրենք, սրանք բարձր աշխատավարձ ստացողներն են, որ համառում ու պայքարում են ապագայի դեմ՝ նախընտրելով ներկան։ Ընդունում եմ։ Բայց նաև պետք է համապարփակ մոտեցում ցուցաբերել։ Հին թոշակային համակարգը ենթադրում է աշխատող/թոշակառու ցուցանիշի վատթարացում։ Սա էլ ենթադրում է հարկի հետագա բարձրացում, որպեսզի մեր ապագա աշխատուժը /կամ այսօրվա երեխաները/ պահեն մեր ապագա թոշակառուներին /այսինքն մեզ/։ Դեմ չեմ, բայց թող սա վերագրվի միայն այն 20 տոկոսին, որոնք նախընտրում են այս մոդելը։ Այսինքն, պետք է 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող ու կուտակայինին չմիացած մարդկանց համար ոչ թե գործի հաստատված միասնական եկամտահարկի սանդղակը, այլ ավելի բարձր անդղակ, որը յուրաքանչյուր տարի ավելանա։ Չեն ուզում կուտակել, համարում են, որ դա իրենց ընտրությունն է, բայց թոշակների համար պիտի վճարեն, ու հին համակարգով, պիտի վճարեն այսօրվա թոշակառուների համար։


ՀԳ
Մաթեմատիկան դժվար չի։ բացում ես էքսելը, գրում թոշակառուների քանակը, աշխատողների քանակը, թոշակն ու աշխատավարձը, կանխատեսվող զարգացումները ու հաշվում/բաշխում։ Ինչքան գիտեմ ծրագրավորողները մաթեմատիկայից ուժեղ են։

ՀՀԳ
Չէ, չեմ կարող ընկալել, իրո՞ք նրանք համաձայն են մինչև 65 տոկոս եկամտահարկին, բայց դեմ են 5 տոկոս կուտակայինին։

Աշոտ Խուրշուդյան

loading...