«Կայարան» հեռուստասերիալի ավարտից հետո դերասանուհի Էվա Խաչատրյանին հեռուստատեսային որևէ նախագծում չենք տեսնում: Էկրանային դադարի պատճառների մասին Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ:

«Իրականում կստեմ, եթե ասեմ առաջարկները շատ-շատ են. ունեցել եմ մեկ-երկու առաջարկ, որոնք ինձ այնքան էլ չեն ոգևորել և այդ պատճառով չեմ ընդունել: Հենց դրանից ելնելով էլ՝ այժմ էկրանային դադարի մեջ եմ»,- նշեց Էվան:

 

Հարցին, թե ինչը կարող է խոչընդոտել, որ դերասանուհին հրաժարվի տվյալ նախագծում նկարահանվել, պատասխանեց.

«Եթե դերը շահերիցս չբխի և ինձ հետաքրքիր չլինի ստեղծագործել, ես կհրաժարվեմ, իսկ մնացած դեպքերում փորձում եմ համաձայնության գալ, հատկապես, երբ կա լավ ստեղծագոծական թիմ»:

Էվան երբեք չի մտածում, թե ինչպիսի կերպարով կցանկանա ներկայանալ, իր կարծիքով՝ միայն կարևոր է նոր բան անելը, քանի որ կատարած նույն աշխատանքը կրկնելն անհետաքրքիր է:

Դերասանուհին խոստովանեց, որ հրավերներ ստանալիս ֆինանսական կողմն, անշուշտ, կարևորում է, բայց դա իր համար առաջնային տեղում չէ: Էվան իրեն բարձր վարձատրվող դերասանուհի չի համարում:

«Ես ինձ չեմ համարում բարձր վարձատրվող դերասանուհի, ավելին ասեմ, ես ինձ անգամ միջին վարձատրվող դերասանուհի չեմ համարում: Պատճառների մասին չեմ կարող խոսել, քանի որ չգիտեմ, թե ինչու է ամեն ինչ այդպես դասակարգվել հեռուստատեսություններում, ամեն դեպքում, կարծում եմ, ինչ-որ տեղ, ինչ-որ մի բան սխալ է»,- ընդգծեց նա:

Խոսելով հայկական կինոարտադրության և սերիալային արտադրության մասին՝ Էվան նկատեց.

«Դաշտում շատ բան է փոխվել: Տարիների ընթացքում փոխարենը գնալով ամեն ինչ զարգանա և առաջ գնա՝ հետաճ է տեղի ունենում և մասնագիտական, և ստեղծագործական, և ֆինանսական իմաստով: Կոնկրետ ես իմ առաջին՝ «Եղբայրները» սերիալում երրեք անգամ ավելի շատ էի վարձատրվում, քան հիմա ինձ առաջարկում են: Բայց դրա փոխարեն ես ձեռք եմ բերել փորձ, մասնագիտական հմտություններ, ճանաչում և այլն»:

Թե ինչի հետևանքով է մասնագիտական դեգրադացիան, Էվան նշեց.

«Յուրաքանչյուր պրոբլեմի պատճառի մասին խոսելիս՝ ես միշտ հիշում եմ հայտնի ասացվածքը՝ «Ձուկը գլխից է հոտում»: Այսինքն պրոբլեմը վերևից է, համակարգի ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում է, ոչ թե դերասանի կամ պրոդյուսերի սխալ գործառույթի: Իհարկե, մենք ունենք կինոարտադրողներ, որոնք ֆանտաստիկ լավ են աշխատում, և նրանց շարրքում կնշեմ Հայկ Մարությանի թիմը, իսկ մնացած պարագաներում ոչինչ իր տեղում չէ: Այսօր ռեժիսորների մեծ մասը չի ճանաչում իրենց մասնագիտությունը, դերասանների մեծ մասն էլ դերասաններ չեն ու չգիտեն, թե ինչ բան է նկարահանման պրոցեսը: Մի խոսքով, ստեղծված իրավիճակը բերում է վախենալու արդյունքների: Այս ամենից ազատվելու համար պետք է ուժ ու կամք, որը չեմ տեսնում, քանի որ այսօր բոլորին պետք է էժան աշխատուժ, որոնք կանեն այն, ինչ իրենցից պահանջում են՝ երբեմն առանց հասկանալու, որ սխալ ուղու վրա են»:

Էկրանային դադարը Էվա Խաչատրյանին հնարաորություն է տալիս ավելի շատ լինել իր սիրելի Կամերային թատրոնում:

«Այն, որ ես էկրաններին չեմ ստեղծագործում, դա դեռ չի նշանակում, որ ես ընդհանրապես չեմ ստեղծագործում: Վերջերս մեր թատրոնում կայացավ «Սև արկղ» ներկայացման պրեմիերան, որը դեռ նորածին է և հստակ քայլերով փորձում է առաջ շարժվել: Շարունակում ենք խաղալ «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը: Նաև շուտով Արշո Հարությունյանը պատրաստվում է փոքիկ թատերական ֆիլմ նկարահանել, որտեղ նաև ես եմ մասնակցելու», ավարտեց դերասանուհին:

loading...