Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են՝ մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին:
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, իշխանությունը թողնելուց հետո ոչ միայն չհեռացավ ակտիվ քաղաքականությունից, այլև առիթը բաց չի թողնում իր գործունեության մասին որոշակի պարբերականությամբ հիշեցնելու հասարակությանը: Օրինակ՝ մենք տեղյակ ենք, որ նա շաբաթն առնվազն մեկ անգամ այցելում է ՀՀԿ գրասենյակ և վարում է կուսակցության ղեկավար մարմնի նիստերը:
Պարզունակ կլինի Սարգսյանի ակտիվությունը կապել իշխանությունն արագ վերադարձնելու նրա ցանկության հետ. հեղափոխության հետևանքը դեռ երկար ժամանակ իրեն զգացնել է տալու, և նախկին նախագահն ու ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում գործնականում հաջողության հնարավորություն չունեն, եթե նույնիսկ ժամանակավոր կառավարությունը ձախողվի, և վարչապետն ու նրա թիմն ունենան վարկանիշային էական անկում:
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ առնվազն քաղաքական թիմի միասնականությունը պահելու խնդիր ունի և գիտակցում է, որ դա հնարավոր է անել բացառապես իր հրապարակային ակտիվության շնորհիվ: Երրորդ նախագահը թերևս գիտակցել է, որ իր կուսակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում որոշակի ազդեցություն ունենալու է նույնիսկ այն պարագայում, եթե երկրում տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Սերժ Սարգսյանի քաղաքական ադապտացիան, տրանսֆորմացիան երկրի ղեկավարի կարգավիճակից ընդդիմության առաջնորդի կարգավիճակին բավականին սահուն տեղի ունեցավ: Համենայնդեպս, Սարգսյանի շարունակական դերակատարությունը քաղաքականության մեջ հուշում է, որ նա ցանկանում է ՀՀԿ-ի համար պահել միակ ինստիտուցիոնալ ընդդիմության և գործող կառավարության այլընտրանքի նիշը:
Դժվար է ասել, թե դա գործնականում ինչ է տալու ՀՀԿ նախագահին, որովհետև կրկնում ենք՝ ընտրությունների միջոցով իշխանություն վերադառնալու նրա շանսերը մոտ ապագայում միայն տեսական են, գործնականում՝ անհնար:
Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը ցանկանում է իր անունն ասոցացնել քաղաքականության, ընդդիմադիր գործունեության հետ՝ նպատակ ունենալով իրեն տարանջատել քրեաօլիգարխիայից, որն այս օրերին շտապում է հեռանալ ՀՀԿ-ից՝ իր ապահովությունը գտնելով նոր կառավարությանը հրապարակային լոյալություն ցույց տալու մարտավարության կամ քաղաքականությունը լքելու որոշման մեջ: Սերժ Սարգսյանը, հակառակը, կարծում է, որ քաղաքականությունն ու ընդդիմադիր գործունեությունն են իրեն ապահովագրող հիմնական գործոնները: Պատահական չէ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարբերաբար շրջանառու է դարձնում իշխանությունների իրականացրած ռեպրեսիաների թեզը՝ մի կողմից իրենց կուսակցությանը և առաջնորդին ապահովագրելով հնարավոր հետապնդումներից, մյուս կողմից՝ նոր կառավարության հնարավոր գործողությունները ներկայացնելով քաղաքական վենդետայի համատեքստում:
Սակայն եթե Սերժ Սարգսյանը չունի իշխանությունը վերադարձնելու դասական հնարավորություններ, այսինքն՝ չի կարող հաջողություն ակնկալել ընտրությունների ժամանակ, դա բնավ չի նշանակում, թե նա բացառում է ֆորս-մաժորային իրավիճակների հեռանկարը: Դժվար է հստակ կանխատեսել, թե ինչ հաշվարկների վրա կարող է կառուցվել Սերժ Սարգսյանի ապագա խաղը, սակայն ակնհայտ է, որ նա զգուշավոր գործիչ է և հայաստանյան քաղաքականության մեջ չէր պահպանի իր այսօրվա ներկայությունը, առավել ևս՝ չէր ձգտի ընդդիմության առաջնորդի կարգավիճակին, եթե չունենար, այսպես կոչված, պահեստային տարբերակներ կամ որոշակի աջակցություն ենթադրաբար Ռուսաստանի իշխանության շրջանակներից:
Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվությունը, մեծ հաշվով, Հայաստանի նոր կառավարության հանդեպ հենց Ռուսաստանի էլիտայի ունեցած անվստահության դրսևորումն է. Մոսկվայում չեն ցանկանում հրաժարվել, այսպես կոչված, պահեստային տարբերակներից, եթե Նիկոլ Փաշինյանի թիմի քաղաքականությունը, օրինակ՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, հարվածի իրենց կենսական շահերին:
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն առնվազն քաղաքական գործիքներ են, որոնց միջոցով Մոսկվան կարող է ճնշում բանեցնել Հայաստանի նոր իշխանությունների վրա: