Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է. «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր՝ համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»։
Թվում է` արտառոց ոչինչ չկա. գործ ունենք հայկական կողմի հումանիստական հերթական ակտի դրսևորման հետ: Սակայն հումանիզմը` նույնիսկ միակողմանի դրսևորմամբ, առնվազն պետք է գնահատվի դիմացինի կողմից, հակառակ պարագայում` ինչ-որ բան այն չէ կամ գուցե հայկական կողմն ինչ-որ բան թաքցնում է: Ադրբեջանական օֆիզիոզ լրատվամիջոցները գրում են ոչ թե հայկական կողմի հումանիզմի, այլ` իրենց տարածքային առաջխաղացման մասին:
Ադրբեջանական հաղորդագրությունների մեջ նշվում է 11 հազար հեկտար տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, Երևան-Ստեփանակերտ ճանապարհը նշանառության տակ պահելու հնարավորություն ստանալու, նաև 50 կիլոմետր նոր ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու մասին:
Համաձայնենք, որ հայկական և ադրբեջանական տեղեկատվությունները տարբերվում են որակապես և այս պարագայում կողմերից մեկն ակնհայտորեն ստում է: Մեզ առավել մտահոգում է այն փաստը, որ ադրբեջանական պնդումները հայկական կողմն, այսպես ասած, չնկատելու է տալիս` չարժանացնելով համարժեք պատասխանի:
Այս հանգամանքն արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, մանավանդ` հակառակորդը պնդում է, թե նշանառության տակ է Երևան-Ստեփանակերտ ճանապարհը:
Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանի կատարած երկրորդ գրառումը որոշակիորեն հանգստացրեց կրքերը, սակայն ՊՆ նախարարի խոսնակն ավելի շատ խրատներ է տալիս հայաստանցի փորձագետներին, քան կոնկրետ պատասխաններ է հնչեցնում ադրբեջանական իրական կամ մտացածին քարոզչության բերած փաստերին: «Հարգելի ընկերներ, անհանգստացողներ, «մասնագետներ» ու հատկապես իմ «ՊԱՌՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐՆ» ինձ բացատրողներ, անկախ նրանից, որ ձեզանից շատերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, առաջիկայում, մինչև մեկ շաբաթվա ընթացքում, խոստանում եմ կազմակերպել այց Նախիջևանյան դիրքեր, որտեղից դուք և լրատվամիջոցները կտեսնեք Գյուննուտի տեղը, որոշ դիրքեր և այլ։ Եվ լիահույս եմ, որ գոնե դրանից հետո կդադարեք ձեր տանը նստած, տարատեսակ համեմատականներ անել, մեզ բացատրել, թե մենք ինչ պիտի անենք և այլն»,-գրել է Հովհաննիսյանը` թեև ավելի ճիշտ կլիներ ՊՆ խոսնակը հստակ հերքեր հակառակորդի ներկայացրած փաստերը, եթե դրանք կեղծ են:
2014 թվականից հետո, կարծես թե, սովորական, օրինաչափ են դառնում Հայաստան-Նախիջևան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Զինադադարի առաջին քսան տարիներին Նախիջևանի հատվածում կայունությունը պահպանվել է, այժմ կարծես սովորական է դառնում, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի այդ հատվածը նույնպես կարող է թեժ լինել: Համենայն դեպս, մեր հասարակությունը ադապտացվում է նոր իրավիճակին, ինչը ենթադրում է, որ հոգեբանորեն պատրաստ է նոր լայնածավալ պատերազմի սանձազերծմանը:
Մտահոգիչն այն է, որ Հայաստանի պատկան մարմինները սպառիչ տեղեկատվություն չեն տալիս սահմանային այս հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Արդյո՞ք գործ ունենք ադրբեջանական հերթական ապատեղեկատվության հետ: Եթե` այո, ինչո՞ւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հնչեցնում փաստերով ամրապնդված հերքում:
Կամ առնվազն հայկական կողմն այսուհետ պետք է ձեռնպահ մնա նման հումանիզմից, որը հետո ադրբեջանական քարոզչական մանիպուլյացիայի և պատերազմի նախապատրաստության առիթ է դառնում:
Առայժմ հարցերը շատ են, գրեթե բացակայում են պատասխանները, ինչն առնվազն անհանգստության և լարվածության առիթ է ստեղծում: