Սոցիոլոգները կանխատեսում են, որ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան մեկ տարվա ընթացքում, ՀՀԿ-ն կստանա 7-12% ձայն: Ակնհայտ է, որ նման քվեով իշխանության չեն հավակնում, սակայն սա է ռեալ պոլիտիկան, թավշյա հեղափոխության քաղաքական կապիտալացման անխուսափելի հետևանքներից մեկը:

Մյուս կողմից` ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կարող է ունենալ այնքան ներկայություն, որ կարողանա ազդել նոր կառավարության ձևավորման գործընթացի վրա:

Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների ֆավորիտները լինելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը (ՔՊ-ն կամ դրա շուրջ ստեղծված դաշինքը) և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն: Ոմանք կանխատեսում են, որ այս ուժերն արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել մեկ ցուցակով:

Նման հեռանկարը, մի շարք գործոնների պատճառով, գրեթե բացառվում է: Նախ` մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանն առիթ չի տվել ենթադրելու, որ իր թիմը շեղվելու է թավշյա հեղափոխության օրակարգից, ըստ այդմ` անգամ տեսականորեն Փաշինյանի նախընտրական ցուցակում քաղաքականությունն ու խոշոր կապիտալը մեկտեղվել չեն կարող:

Նիկոլ Փաշինյանն իր ժամանակավոր կառավարությունը թեև ձևավորեց կոալիցիոն սկզբունքով, բայց այդպես էլ իրեն կամ հեղափոխությունը չկաշկանդեց ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագրով: Սա նույնպես կարևոր հանգամանք է, որը, ըստ էության, խոսում է այն մասին, որ Փաշինյանն ընտրություններին մտադիր է մասնակցել կամ իր թիմով, կամ առավելագույնը` գաղափարա-քաղաքական հատկանիշ ունեցող դաշինքով:

Մյուս կողմից` ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մոտ տաս օր առաջ հավակնոտ հայտարարություն հնչեցրեց` ընտրություններում իրենց կուսակցության 50+1 նշաձողի մասին, ինչը նույնպես հակոտնյա է դաշինքային տրամաբանությանը:

Եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն այս աշնանը, ապա հեղափոխության էյֆորիան դեռ պահպանված կլինի, ինչըբացառում է, թե Փաշինյանի ցուցակը կունենա լուրջ այլընտրանք:

Իրավիճակը գուցե այլ լինի մեկ տարի անց, երբ վարչապետի ու կառավարության վարկանիշային անխուսափելի անկումը գուցե հնարավորություն չընձեռի, որպեսզի Փաշինյանի ցուցակն ընտրություններում ստանա 50+1 ձայն: Անկեղծ ասած` գործնականում նման արդյունք չի կարելի կանխատեսել նաև ԲՀԿ-ի համար, եթե նույնիսկ հեղափոխությունից հիասթափությունը որակական դրսևորումներ ունենա. այլևս միայն ֆինանսական ռեսուրսները չեն կսրող որոշիչ լինել ընտրություններում հաղթելու համար:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն մյուս տարվա ընտրություններից հետո նոր խորհրդարանում` իշխանությունից մեկ տարի հեռացած ՀՀԿ-ի թեկուզև համեստ ֆրակցիայի ձայները կարող են որոշիչ լինել վարչապետի ընտրության և նոր կառավարության ձևավորման հարցում:

Թե որը կլինի ՀՀԿ-ի ընտրությունը Փաշինյան-Ծառուկյան երկընտրանքում, դժվար է կանխատեսել, մանավանդ` դեռևս անհայտ է, թե իշխանությունից զրկվելուց հետո քաղաքական ինչպիսի տրանսֆորմացիա է ապրելու ՀՀԿ-ն:

loading...