Գաբի Գալոյանը ներկայացրել է իր նոր՝ «Հոր օրոր» տեսահոլովակը, որի մանրամասների մասին երգչուհին պատմել է Life.panoarama.am-ին:

«Իրականում այս երգի երաժշտությունը շատ պատահաբար լսեցի Ռիչարդ Մադլենյանի ստուդիայում, և առաջին իսկ պահից մեղեդին սրտիս դիպավ: Դրանից անմիջապես հետո որոշեցինք, որ համապատասխան խոսքեր պետք է գրվի և պետք է պարտադիր վստահել Ավետ Բարսեղյանին, ով կարճ ժամանակում իրականացրեց այն, ինչ ուզում էի՝ գրվեց չափազանց հուզիչ խոսքեր՝ հոր մասին»,- պատմեց Գաբին:

Երգչուհին 8 տարեկանում է կորցրել հորը: Իր խոսքով՝ վաղուց է ուզել հայրիկին նվիրված երգ ունենալ, որտեղ կարտահայտեր տարիներով կուտակված իր բոլոր հույզերը:

«Հորս բացակայությունն իմ կյանքի ամենախոցելի կետն է, այն բաց վերք է, որի մասին կուզեի հենց այդ մեղեդու մեջ արտահայտվել: Իհարկե, երգում կան խոսքեր, որը ես ցավոք չեմ ունեցել, խոսքը հոր ու աղջկա ընկերության մասին է, իսկ ես հորս հետ կապված քիչ բան եմ հիշում, քանի որ շատ փոքր եմ եղել, երբ նրան կորցի: Այսինքն՝ երգում այդ թեման շոշափելով՝ խոսել եմ իմ չիրականացած երազանքի մասին: Մնացած խոսքերը համընկնում են իմ կյանքի հետ. Հայրս ինձ համար օրորոցային է երգել, մասնակցել է իմ ինքնակրթությանը: Ասեմ, որ այս գործը ստեղծելիս՝ ինձ հետ միասին շատ հուզված էին թե Ռիչարդը, թե Ավետը: Իսկ գործիքավորող Էդգար Ալեքսանյանի շնորհիվ երգը դարձավ հենց այնպիսին, ինչպիսին երեքս ուզում էինք տեսնել»,- նշեց նա:

Տեսահոլովակի հարցում Գաբին վստահել է ռեժիսոր Արեն Բայադյանին:

«Արենն իսկապես կարողացել է նկարագրել այն ամենը, ինչ կա ներսումս: Ի դեպ՝ նրան ոչ մի ուղղորդում չեմ տվել, պարզապես վստահել եմ: Արենը որոշեց, որ տեսահոլովակը պետք է սիմվոլներով հարուստ լինի. Կա ժամացույց, որը դրված է 23:50-ի վրա, այսինքն՝ րոպեներ հետո սկսվում է նոր օր՝ նոր կյանք, կա աղջիկ՝ ծառի արմատի տակ պառկած, իսկ արմատը ասոցացվում է հոր հետ, կա ջուր, որը  հավերժության խորհրդանիշերից է, անգամ իմ ձեռքի դաջվածքները պատահական չէին: Հոգեբանական իմաստով ևս խորհրդանիշները մեծ էին. Աղջիկ՝ փոթորկի մեջ անկոտրուն կանգանած է և հայր, որը ի վերջո թեկուզ երևակայությամբ, բայց գրկում է աղջկան՝ ուժ տալով դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին: Իրականում՝ ես շատ եմ պատկերացրել, որ հասուն տարիքում մի օր պիտի գրկեմ հորս: Մի խոսքով՝ այս տեսահոլովակն ինձ համար չափազանց մեծ նշանակություն ունի, այն ինձ ու իմ հոգին է նկարագրում»,- ընդգծեց Գաբին:

Զրույցը եզրափակելիս՝ երգչուհին իր շնորհակալությունը հղեց ընկերներին, ովքեր կարողացել են օգնել իր կատար ածել այս աշխատանքը, նաև իր պրոդյուսերին՝ Կարպիս Թիթեիզյանին:

loading...