Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլ նաև նորովի զարգացնել դրանք:

«Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք է: Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դեսպանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները թույլ են տալիս նորովի վերաբերվել հայ-ֆրանսիական հարաբերություններին:

«Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանի իրադարձություններին, և այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ:

Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակի զարգանալ, քանի որ Ձեր նախաձեռնած հեղափոխության արժեքները համապատասխանում են այն արժեքներին, որոնք որդեգրում է կազմակերպությունը»,- ասել է դեսպանը:

Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամ է ընդառաջ գնալ Հայաստանին ու նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ էապես կարևորելով տնտեսական փոխգործակցության զարգացումն ու խորացումը: Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է՝ ՀՀ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

loading...