Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման ենթարկված և ձերբակալված ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները վիճարկել են պատգամավորին ձերբակալելու որոշումը, որը դատարանը մերժել է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Հրանտ Անանյանը։
«Այս պահի դրությամբ հասցրել ենք վիճարկել պատգամավորին ձերբակալելու իրավաչափությունը, դատարանն այն մերժել է՝ ձերբակալելու մասին որոշումը համարելով հիմնավոր։ Խուզարկության որոշումը բողոքարկելու տասնօրյա ժամկետ կա, այն դեռևս կհասցնենք բողոքարկել»,-ասաց Հրանտ Անանյանը։
Հարցին, թե Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այլ գործողության մասին,հնարավո՞ր է ,որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Փաշինյանի ասածն անակնկալ էր մեզ համար, նման կասկած անգամ չի հայտնվել»։
Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք՝ Ազգային ժողով միջնորդագիր ներկայացվել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, քանի որ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, փաստաբանն ասաց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի. «Մինչև խափանման միջոց ընտրելը 72 ժամ է սահմանված, դեռ մեկ օր է անցել Գրիգորյանին ձերբակալելուց, եթե նման մտադրություն ունի դատախազությունը, դեռ ժամանակ կա»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:
20։15
Մենք դեռ չենք ծանոթացել դատարանի որոշմանը, հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, այդ պատճառով այս պահին ոչինչ չեմ կարող ասել. այս մասին դատարանի դիմաց հավաքված լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրայր Անանյանը։
Նրա խոսքով՝ իրենք միջնորդություն չեն ներկայացրել, որ Մանվել Գրիգորյանին դատարան բերեն։ Անանյանն ասաց, որ կծանոթանան որոշմանը և ըստ այդմ կհստակեցնեն հետագա քայլերը։
Դիտարկմանը, թե վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ Մանվել Գրիգորյանը մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու մեջ, փաստաբանը պատասխանեց. «Դատական ստուգման ընթացքում նման փաստարկներ նախաքննության մարմնի կողմից չեն ներկայացվել»։
Նա հավելեց, որ ընդմիջմանը համացանցից է տեղեկացել այդ հայտարարության մասին. «Ինձ համար սա անակնկալ էր, և այս պահին իմ վստահորդը այստեղ չէ, որ նրա հետ խոսեմ այդ մասին»։
17:55
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի որոշման նիստն այս պահին ընդմիջվել է:
Tert.am-ի հետ զրույցում ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանն ասաց, որ պարզ չէ՝ դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ, թե այլ պատճառ է եղել ընդմիջման համար: Մանվել Գրիգորյանի փաստաբանի հեռախոսահամարն այս պահին անհասնելի է:
Բողոքի ակցիայի մասնակիցները, չնայած Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին Մանվել Գրիգորյանի վերաբերյալ, չեն պատրաստվում դադարեցնել իրենց գործողությունները:
16:10
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դիմաց շարունակվում է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան: Խափանման միջոցի որոշման նիստն արդեն մեկնարկել է:
Բողոքի ակցիային մասնակցում է նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը:
Վերջինս դիմեց նրանց, ովքեր այս գործընթացների նկատմամբ անտարբեր են կամ բացասական մեկնաբանություններ են կատարում իրենց պայքարի վերաբերյալ:
«Միևնույնն է, որ հանկարծ սահմանին մի բան լինի, էլի այստեղ կանգնած մարդիկ են գնալու, երևի դուք չեք գնալու, անգլուխ տուն չի լինում: Մեր կամքը չեք կոտրի, այս տղաններն արյուն են տեսել»,-շեշտեց նա:
15:35
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի որոշման նիստը դեռ չի մեկնարկել:
Tert.am-ի հետ զրույցում ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը դատարան չի բերվել, դատարանը դեռ նրա ներկայությունն ապահովելու միջնորդությունը չի քննարկել:
15:05
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դիմաց շարունակվում է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան:
«Մենք փորձում ենք հավատալ, որ դատարանի որոշումը արդար կլինի, և Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ազատության մեջ կլինի, մեզ թույլ չենք տալիս խոսել իրավապահների հետագա գործողությունների մասին. եթե զենք-զինամթերքի հետ կապված մեղադրանք է՝ թող քննեն, հասկանան, բայց թող խափանման միջոց միանգամից կալանավորումը չընտրեն: Զորավարը մերն է, մեր ազգինն է»,- նշում են բողոքի ակցիա իրականացնողները:
Tert.am -ի հետ զրույցում ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը նշեց, որ իրենք տեղեկատվություն ունեն, որ Մանվել Գրիգորյանը բերվելու է խափանման միջոցի որոշման նիստին:
13:05
Այս պահին բողոքի ակցիա իրականացնող ԵԿՄ անդամները Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դիմաց սպասում են Մ. Գրիգորյանի խափանման միջոցի հարցով կայանալիք նիստին:
ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանն ասաց, որ նիստը պետք է կայանար ժամը 13:00-ին, սակայն այն հետաձգվել է, կայանալու է 15:00-ին:
«Փաստաբանը նաև միջնորդել է, որ նիստին մասնակցելու հնարավորություն ունենա գեներալ Մանվել Գրիգորյանը, դեռ չգիտենք՝ միջնորդությունը բավարարվել է, թե ոչ»,- ասաց նա:
11:50
ԱԱԾի դիմաց ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, ինչից հետո բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթ սկսեցին: Ցուցարարներն ընթանում են Երևանի կենտրոնական փողոցներով, նրանց պահանջը մեկն է՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը:
------------------------
Ազգային անվտանգության ծառայության դիմաց այս պահին ակցիա են իրականացնում ԵԿՄ անդամները, ձերբակալված գեներալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մարտական ընկերները:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:
«Ակցիայի մասնակիցներն անընդունելի են համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը: Նրանք պահանջում են, որ Արցախի հերոսին ազատ արձակեն»,- շեշտեց նա:
ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը շինծու են համարում:
Հիշեցնենք, որ երեկ ևս ԵԿՄ-ականներն ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել, տեղի էր ունեցել բախում կարմիրբերետավորների և ազատամարտիկների միջև: