Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով՝ ՀՀ դատական իշխանությունը և դատաիրավական համակարգն ամբողջությամբ հեղինակազրկված են և հեռու են այն չափորոշիչներից, որի համար կոչված են. նրա խոսքով՝ այն, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, չի նշանակում, որ դատական համակարգը, դատավորներն արդեն իսկ ազատ ու անկախ են գործում: «Այդ քայլերը բխում են ստեղծված նոր իրողություններով: Սակայն դա չի նշանակում, որ այդ նույն դատավորները մեկ օրվա մեջ դարձան բացարձակ անկախ և արդարադատ։ Դատաիրավական համակարգի արյունատար անոթներն է պետք փոխել՝ արյան հետ միասին, որպեսզի օրգանիզմը սկսի վերակենդանանալ ու շնչել»,-Tert.am-ի հետ զրուցում նշեց փաստաբանը: 

-Պարո՛ն Նորիկյան, հեղափոխությունից հետո արդարադատության համակարգում ի՞նչ փոփոխություններ եք տեսնում՝ հատկապես դատական համակարգում:

-Իմ խորին համոզմամբ՝ մեր դատական իշխանությունը և դատաիրավական համակարգն ամբողջությամբ հեղինակազրկված են և հեռու են այն չափորոշիչներից, որի համար կոչված են: Իհարկե, այդ համակարգերում առանձին վերցրած կան բազմաթիվ անհատներ, ովքեր արժանի են հարգանքի, սակայն նրանց ներկայությունն այն աստիճան աննկատ է, որ մեծ որակ չի կազմում: 

Այս տարիների ընթացքում, ցավոք սրտի, չի հաջողվել ստեղծել այնպիսի դատական իշխանություն, որը զերծ կլիներ գործադիր իշխանության կապանքներից և չէր կատարի նրա հրահանգները:

Առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել այնպիսի դատական իշխանություն, որի հեղինակությունը որևէ մեկի մոտ որևէ կասկած չառաջացնի՝ անկախ նրանից, թե այս կամ այն հրապարակված դատական ակտի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կունենա, և երկրորդ՝ այն իսկապես չի լինի գործադիր իշխանության կամակատարը:

Ցավոք սրտի, դատական իշխանության հեղինակությունն այնքան հատակային է դարձել, որ անգամ հրապարակվող ամենաօբյեկտիվ դատական ակտի նկատմամբ առկա է անվստահություն:

Այժմ շատ լավ հնարավորություն է ստեղծվել: Անհրաժեշտ են արմատական ու ոչ ստանդարտ լուծումներ: Ոչ մի կոռումպացված անձ և հեղինակություն չվայելող սուբյեկտ չպետք է մնա՝ անկախ նրանից, թե ով է:

Սկսած Բարձրագույն դատական խորհրդից, ընդհանուր իրավասության դատարաններից մինչև Վճռաբեկ դատարան պետք է կատարվի կազմերի արմատական փոփոխություն: Նոր մարդկանց համար պետք է ստեղծել արժանապատիվ սոցիալական կեցության պայմաններ, սահմանել բարձր ու մրցակցային աշխատավարձ և անկախության այլ երաշխիքներ:

Եկեք անկեղծ լինենք: Այո՛, բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը բարձրակարգ իրավաբան է, փայլուն մասնագետ: Սակայն նա այս իրականության պայմաններում կարո՞ղ է ապահովել դատարանների բնականոն գործունեությունն ու երաշխավորել դատարանների անկախությունը: Կներե՛ք, ես չեմ հավատում: 23 տարի նա եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, և մենք այսօր կարող ենք փաստացի արձանագրել, որ այդ բարձր դատարանը նույնքան հեղինակազրկված է, որքան մյուս դատարանները:

Հետևաբար ակնկալել, որ այս կազմերով հնարավոր է ձևավորել իսկապես անկախ դատական համակարգ, ուղղակի հնարավոր չէ կամ ինքնախաբեություն է:

Պետք է գան նոր մարդիկ, ովքեր իսկապես զերծ կլինեն կոռուպցիայից, կողմնակի ազդեցություններից և կկառուցեն այնպիսի դատական իշխանություն, որն իսկապես կիրականացնի արդարադատություն:

-Կարո՞ղ ենք ասել, որ մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակումը նշանակում է, որ դատավորներն այլևս ազատ են իրենց գործողություններում:

-Ո՛չ, չենք կարող ասել: Այդ գործերով իսկապես իրականացվելիք քայլերը բխում են ստեղծված նոր իրողություններով: Սակայն դա չի նշանակում, որ այդ նույն դատավորները մեկ օրվա մեջ դարձան բացարձակ անկախ և արդարադատ: 

Առհասարակ, իմ պատկերացմամբ քաղբանտարկյալների հարցի լավագույն լուծումը կլիներ համաներման մասին որոշում ընդունելը: Դա կլիներ պետության անունից հրապարակված հումանիստական ժեստ՝ հին էջը փակելու և նոր էջ բացելու մասին: Սակայն ընտրվեց նրանց ազատ արձակելու այսպիսի միջոցը: 

Իմ կարծիքով՝ այս քայլով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնապես քաղաքական պատասխանատվություն ստանձնեց քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ: Հարգում եմ այդ քաղաքական խիզախությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ ամեն ինչ պետք է արվի այսուհետ քաղբանտարկյալ հասկացությունը Հայաստանից իսպառ վերացնելու համար: 

-Կարծում եք Բաղրամյան 26-ից այլևս հրահանգներ չե՞ն տրվում՝ ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: 

-Դատական համակարգում ստեղծված անորոշ իրավիճակը հուշում է, որ այո՛, այդ զանգերն այսօր չկան, և չկա ուղղահայաց վերահսկման համակարգ, այլ կերպ ասած՝ Բաղրամյան 26-ից հեռախոսային արդարադատություն այժմ չի իրականացվում, որից էլ բխում է այն համոզմունքը, որ դատարաններից շատերն իսկապես հայտնվել են ցայտնոտային իրավիճակում, թե որ գործով ինչպիսի որոշումներ կայացվեն: 

Սակայն միայն զանգերի բացակայությամբ հնարավոր չէ հասնել ամբողջական դատական համակարգի անկախացմանը: Ոչ միայն Բաղրամյան 26-ից, այլ բոլոր հասցեներից պետք է բացառել որևէ զանգի հնարավորությունը, իսկ դրա համար իսկապես ժամանակ է անհրաժեշտ է այն արմատական փոփոխությունը, որի մասին արդեն նշեցի: 

-Դուք մասնագիտացած եք նաև զինվորական գործերով, միշտ բարձրաձայնել եք խնդիրների մասին, հիմա փոփոխությունների ալիքը հասնում է նաև այդ գործերին։ 

-Այո՛ տարիներ շարունակ մեզ «բացատրել» են, որ բանակը փակ համակարգ է և չի կարելի բանակում առկա կեղտոտ սպիտակեղենը հանրայնացնել: Մի շատ կարևոր հանգամանք մշտապես նենգափոխվել է: Այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ այս կամ այն անձը իդենտիֆիկացվել էր բանակի հետ: Այս կամ այն անձի գործունեությանը որևէ գնահատական տալը գնահատվում էր որպես ոտնձգություն բանակի նկատմամբ: 

Կարծում եմ, որ այս հիվանդագին մտայնությունը պետք է վերացվի: Բանակն այնպիսի կառույց է, որտեղ շրջանառվում են միլիարդավոր դրամներ, որից բխում է, որ այն չի կարող զերծ լինել կոռուպցիոն դրսևորումներից: 

Որևէ կասկած չունեմ, որ բանակը նույնպես պետք է ամբողջությամբ ապակոռումպացվի, և այդ առումով ահռելի աշխատանք ունի կատարելու զինվորական դատախազությունը: 

Ընդհանրապես, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ զինվորական դատախազությունը մեռած կառույց է: Այդ կառույցը պետք է վերակենդանացնել: Զինվորական դատախազությունը պետք է գնա ու համարձակորեն բռնի բանակը թալանած այն գեներալի, գնդապետի, այն շարքայինի ձեռքը, ով այսօր վայելում է բանակից ու զինվորից խլածը: 

Զինվորական դատախազությունը պարտավոր է բացահայտել տարիներ շարունակ չբացահայտված սպանված զինվորների քրեական գործերը և բոլոր մեղավորներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Իսկ դրա համար անհրաժեշտ է փոփոխություն: 

Հավաստիացնում եմ Ձեզ, մենք չենք կարող սառը թրջոց դնել հիվանդի ճակատին՝ մտածելով, որ կանցնի գլխացավը, այն դեպքում, երբ հիվանդը տառապում է քաղցկեղով: 

Դատաիրավական համակարգի արյունատար անոթներն են պետք փոխել՝ արյան հետ միասին, որպեսզի օրգանիզմը սկսի վերակենդանանալ ու շնչել, ապրել...

loading...