Հարցազրույց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանիհետ

– Պարոն Մարգարյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական  RT-ին տված հարցազրույցում ասել է, որ գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է, քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Դուք ի՞նչ կասեք հարցի վերաբերյալ, և խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում։

 

– Այդ խնդիրը նոր չէ, տասնամյակների խնդիր է, բայց վերջին տարիներին սրվել է այն իմաստով, որ, այո, Հայաստանը սահմանին ռուսական գազը ստանում է 150 դոլարով, բայց բնակիչ-բաժանորդները գրեթե կրկնակի՝ 290 դոլար են վճարում հազար խորանարդի դիմաց։ Այն ժամանակ, երբ գազիֆիկացման ոլորտում ինտենսիվ ներդրումներ էին արվում, և հիմնավորումները կարծես թե ադեկվատ էին, պահպանման, համակարգի շահագործման ծախսերն  այդ համապատկերին կարծես տրամաբանական էին ու հիմնավորված, ապա վերջին տարիներին կապիտալ ներդրումների ցանցի ընդլայնման և արդիականացման ծախսերը մինիմալ են։

Եվ սկզբունքորեն, եթե նայում ենք՝ համադրելի երկրներում սահմանի վրա գազն ինչպիսի գնով է մտնում երկիր և ինչ գին է դառնում սպառողի համար, ապա տեսնում ենք, որ, օրինակ՝ Բելառուսը հազար խորանարդը ստանում է մոտ 130 դոլարով, և դրան ավելանում է մոտ 20 տոկոս վերադիր ծախս, գումարած գազամատակարար ընկերության շահույթները, այսինքն՝ այս վերադիրը հաշվի առած՝ գազը մոտ 160 դոլար է։ Եթե նայենք այս տրամաբանությանը, ապա Հայաստանում գազը պետք է արժենար մոտավորապես 180-190 դոլար, ոչ ավելի։

– Ո՞ւմ է հասցեագրված խնդիրը, ո՞վ պետք է կարգավորի դա։

– Այդ խնդիրը հասցեագրված է ՀԾԿՀ-ին, եթե գազամատակարար ընկերությանը մենք թողնենք այս խնդիրը, ապա բնական է, նա իր գերշահույթները ստանում է, որևէ խնդիր չունի, սակագնի իջեցման հարց չի դնի։ Այդ հարցը պետք է բարձրացնի կառավարությունը, շահառուները, բայց մեզանում ֆորմատն այնպես է ձևավորված, որ ՀԾԿՀ-ում հասարակական սեկտորի ներկայացուցիչներ չկան, նրանք ուղղակի այդ նիստերին են մասնակցում, և վերջ։

Ժամանակն է՝ մտածել այդ ֆորմատը փոխելու մասին։ Այսինքն՝ այդ հանձնաժողովը պետք է լինի բազմակողմ, այնտեղ բոլոր կողմերը պետք է ներկայացված լինեն։ Կառավարությունն էլ այդ հարցը կարող է բարձրացնել, որովհետև սա ոչ միայն քաղաքացիների խնդիրն է, այլև տնտեսական ռեսուրսների մատչելիության խնդիր է։ Գազը համակարգաստեղծ ռեսուրս է բազմաթիվ ոլորտների համար, այդ ոլորտների համար միևնույն չէ, թե գազի գինն ինչպիսին կլինի, դա տնտեսության և այդ ոլորտների մրցունակության խնդիրն է, որոնք օգտագործում են գազը՝ որպես տնտեսական ռեսուրս։ Դա վերաբերում է նաև էներգետիկայի շղթային, նաև, դրանով պայմանավորված, ջերմաէլեկտրակայանների շղթային, էլեկտրաէներգիայի սակագնին, և այլն։ Սրանք բազմասպեկտ հարցեր են, և որքան շուտ լուծվեն, այնքան լավ։

– Այսինքն՝ բոլոր հնարավորությունները կան, որ գազի սակագինը նվազի, բայց աշխատանք չի՞ արվում այդ ուղղությամբ։

– Տեսանելի աշխատանք չի արվում։ Ես կարծում եմ, որ «թավշյա հեղափոխության» ֆոնին հանրային պահանջը շատ հստակ է դրված, և բնական է, որ թե՛ գազամատակարար ընկերությունը, թե՛ ՀԾԿՀ-ն, թե՛ կառավարությունը, բիզնես շրջանակները շատ ավելի կոնցենտրացված ուշադրությամբ են վերաբերվում խնդրին։ Խնդիրը հաշվարկների մեջ է, թե որքան կարող է գազի սակագինը նվազել։ Տարբեր գնահատականներ են հնչում՝ 10 %-ից մինչև 50 %, բայց ճշմարտությունը, որպես կանոն, միշտ մեջտեղում է։ Այդ համակարգը պետք է լինի կենսունակ. կասկած չկա, որ գազամատակարարման սիստեմը, ընդհանրապես՝ էներգետիկ ոլորտն ազգային անվտանգության և տնտեսության կարևորագույն հենասյուներից է, և այն պետք է լինի կենսունակ։ Այս տեսանկյունից կարևոր է նաև այլընտրանքների ձևավորումը։

Այն, որ գազաբաշխիչ համակարգը ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանն է պատկանում, լավ օրից չէ, իհարկե։ Իրանական գազը միշտ էլ եղել է օրակարգային, բայց կոնսերվացվել է, բերվել են փաստարկներ՝ իբր թե իրանական գազն ավելի թանկ է, բայց էներգետիկայի նոր նախարարը շատ հստակ հայտարարեց գինը, որը մինչև հիմա չէր ասվել, միայն ասվում էր, որ թանկ է։ Հիմա ասվում է, որ դա 165 դոլար է։ Այո, սահմանի վրա, հնարավոր է՝ ավելի թանկ է, բայց Իրանը մեր հարևանն է, գազն անմիջապես հատում է սահմանը, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք միջնորդավորված։

Այդտեղ տարատեսակ շահեր են բախվում, Վրաստանի վրայով անցնող գազատարը շատ դեպքերում անվտանգ չէ, և այլն։ Երբ գազաբաշխիչ համակարգը գլխապատառ մասնավորեցնում և հանձնում էին մեկ երկրի ընկերության, պետք է մտածեին, որ պետք է, այնուամենայնիվ, բաժնետոմսերի ինչ-որ մաս ունենալ, կամ թեկուզ ունենալ ոսկե բաժնետոմսի հնարավորություն, որը թույլ տար կառավարությանը՝ որոշումների վրա վետո դնելու հնարավորություն ունենալ։ Դա չի արվել, և մենք այսօր քաղում ենք այդ քաղաքականության պտուղները։ Բոլոր դեպքերում հարցն օրակարգային է, և հույս ունեմ, որ հնարավորինս արագ այդ խնդիրը կլուծվի։

– Գազի սակագնի իջեցման համար միայն Ձեր նշած քայլերի իրականացնումը բավարա՞ր է։

– Սակագնի իջեցման խնդիրը ոչ միայն վերաբերում է արդիականացման կամ կապիտալ ծախսերի հնարավոր կրճատմանը սակագնի մեջ, այլ նաև կորուստների կրճատմանն ու բացառմանը։ Այս օրերին ՊԵԿ-ի կողմից, հատկապես, գազալցակայանների ստուգման, տարբեր ուղղություններով բացահայտումների պատկերը ցույց է տալիս, որ այդտեղ շատ մեծ պրոբլեմ կա։ Դա ժամանակի ընթացքում էլ ուսումնասիրվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից, որը ժամանակին որոշ բացահայտումներ արեց։ Բայց էական փոփոխություններ կորուստների մասով չեղան, սակագինն էական փոփոխություն չկրեց։

Գաղտնիք չէ, որ սակագնի մեջ 8 %-ից ավելի են հաշվարկվում կորուստները, իսկ այդտեղ, վստահաբար, մի քանի տոկոսը պարզապես յուրացումն է, գողությունն է, ստվերային պայմանավորվածությունն է։ Այստեղ կարելի է խորացնել ուսումնասիրությունները, աուդիտը, բացահայտել այդ ամենը։ Ըստ էության, կորուստները, եթե բնական կամ տեխնոլոգիական չափանիշերով մոտենանք, 5.5-6 % կարող են լինել այս փուլում, այնպես որ, այս գործոնի հաշվին ևս էապես հնարավոր է իջեցնել սակագները։

Եվ մեկ առաջարկ էլ, որ տարբեր փորձագետներ հնչեցնում են, որ պետք է սակագները դիֆերենցված լինեն ըստ սեզոնի՝ ամռանը մի քիչ ավելի շատ վճարի բնակիչը, իսկ ձմռանը՝ մի քիչ ավելի քիչ, որովհետև սպառումը կտրուկ մեծանում է, դա էլ խելամիտ առաջարկ է, և անպայման պետք է մտածել դրա մասին։

loading...