Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլեւ կասկածներ կան, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ։
Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։
Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաեւ վստահ լինել, գուցե ապացուցել, բայց…ՕՐԵՆՔՈՎ։
Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես , ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից եւ դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային եւ հանրային ճնշում ձեւավորում այս հարցով։
Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։
Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը եւ սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում։
DURA LEX SED LEX սկզբունքը այլընտրանք չունի