ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը նշելով, որ Թունյանն ազատվել է եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
Մեր տեղեկություններով, նրա ազատումը կապված է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հետ: Այդ դեպքով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կա հարուցված քրեական գործ: Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, մասնավորապես, նշելով հետեւյալը. «…Առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները: