Քրիստինե Խանումյանի գրառումը. «Իհարկե, ամբողջ դաշտում կանոնակարգումների հարց կա, բայց Հանրայինն այլ թեմա է՝ այն բոլորինս է:

Հանրայինի լրատվականը լուրջ վերակառուցման խնդրի ունի, ընդ որում՝ թե արտաքին, թե բովանդակային, թե տեխնիկական և այլն:

Նախ, ուզեք, թե չուզեք, եթերից պիտի հեռանա սուտը:

Խոսքը, ոչ միայն բովանդակային ստի մասին է, ինչը ուղղակի անթույլատրելի է, այլև՝ վիզուալ:

Տարիներով բացահայտ սուտ հաղորդած հաղորդավարներն ու լրագրողները պիտի եթերում չլինեն, որովհետև նրանք ասոցացվում են ստի ու պրոպոգանդայի հետ, և նրանց կողմից հնչեցված ոչ մի խոսք՝ անգամ ամենավերջին ճշնարտությունը որպես այդպիսին չի ընկալվում:

Հանրայինից պիտի հեռանան նախկինում նախագահականից այնտեղ դեսանտ իջեցված այսպես կոչված բլոգերական և մերձբլոգերական խավը, որոնք փաստացի գլավլիտի դեր էին ստանձնել, հատկապես կարևոր տեսանյութերւ մոնտաժին անգամ մասնակցելով:

Հանրայինում ներքին շատ հարցեր պիտի կանոնակարգվեն, լրատվականի դեմքերը պիտի լինեն այնպիսի թույն մասնագետներ, որ Հանրայինի դեմքեր դառնան իրենք, Հանրայինի “դեմքերը” չպիտի լինեն իշխանական գլամուր դեմքերը, որոնց աշխատավարձները տասնյակ անգամ կարող է գերազանցել մյուսների աշխատավարձին, ոչ թե որովհետև իրենք իրոք գումար բերող են, այլ զուտ իշխանության կամ մերձիշխանական մարդիկ են:

Հանրայինի լրատվականը ՊԻՏԻ դառնա ավելի մոբիլ:

Համացանցի դարում Հանրայինի լրատվականը ոնց որ Երազ մեքենա լինի, որ դուրս է եկել Մերսեդեսների հետ մրցարշավի:

Հանրայինի լրատվականը ըստ իս՝ ամբողջովին կառուցված է ՄՈՆՏԱԺԻ վրա, իրադարձությունը ցերեկն եղել ավարտվել է, ամբողջ Հայաստանն այն բոլոր հնարավոր միջոցներով տեսել է, հանրայինի լրատվականի երեկոյան թողարկմանն այն դեռ մոնտաժում են։

Հանրայինի լրատվականը պիտի վերջապես անցնի ուղիղ եթերի ռեժիմի, կարևոր իրադարձությունների ժամանակ լրագրողները դեպքի վայրից ուղիղ եթեր պիտի մտնեն, ինչպես դա անում են Ազատության լրագրողները:

Հանրայինի լրատվականը պիտի դառնա մրցունակ, լուրերի թեկուզ կարճ, բայց արտահերթ թողարկումները պիտի սովորական պրակտիկա լինեն՝ կարևոր իրադարձությունների ժամանակ․ կարևոր՝ իրապես կարևոր իմաստով, ոչ թե ըստ ներքին հայեցողության:

Հանրայինում պիտի լինի քաղաքական ամենաթունդ հարցազրուցավարը՝ Պետրոս Ղազարյանին առնվազն չզիջող»:

loading...