Հուլիսի 2–ից եթերում սպասվող «Այրված անուրջներ» հեռուստանովելում Ժաննան առաջին անգամ խաղում է բացասական դեր։ Նոր աշխատանքի մանրամասներն ու իր ակնկալիքներն դերասանուհին առաջինը պատմել է Tert.am Life–ին։
Թամարիկի կերպարը Ժաննայի համար հետաքրքիր է, քանի որ առաջին անգամ է ներկայանալու ընդգծված բացասական դերով. «Մինչև այս խաղացածս բոլոր դերերն ունեցել են իրենց բացասական գծերը, սակայն, ընդհանուր բնութագրով, դրական են եղել։ Ինձ համար ավելի բարդ կլիներ, եթե կրկին դրական կերպար խաղայի։ Բացասական դեր խաղալն ինձ համար և՛ պատասխանատու է, և՛ հետաքրքիր։ Նկարահանումները նոր ենք սկսել։ Հետագայում ավելի շատ բան ունեմ խաղալու։ Հուսով եմ` պատվով դուրս կգամ այդ պատասխանատվության տակից։ Արդեն տրամադրվել եմ բարդ տեսարաններին, քանի որ գիտեմ` ինչպես են զարգանալու իրադարձությունները և ինչ հանգուցալուծում է ունենալու կերպարս»։
«Երբ երկար ժամանակ ինչ–որ բան ես անում, փոփոխության կարիք ես ունենում, որն իր հետ նոր հույզեր, զգացմունքներ է բերում,– ասաց նա ու հավելեց, որ նոր թիմին շատ արագ է ընտելացել,– մեկ օր անգամ ինձ օտար չեմ զգացել։ Ինձ համար մեծ անակնկալ էր այն թիմը, որի հետ սկսեցի աշխատել։ Հասցրել եմ սիրել նրանց, մտերմանալ թե՛ դերասանական, թե՛ տեխնիկական անձնակազմի հետ։ Մարդկային հարաբերություններն աշխատանքում շատ կարևոր են։ Ուրախ եմ, որ նման թիմում եմ աշխատում»։