Իզաբելլա Աբգարյանի հրապարակումը.

Քանի որ ՖԲ ընկերներիս մի մասը վերջին շրջանում հանրային դեմք են դարձել ու հայտնվել լրատվականների լրահոսում, դրականի հետ մեկտեղ բացահայտելու են այն բացասականը, որն անխուսափելի է՝ որքան էլ որ իրենց պարտականությունները լավ կատարեն:
Մտածեցի, որ ավելորդ չեն լինի տարիներ շարունակ սոցցանցային հանրության վարքագիծն ուսումնասիրածիս մի քանի դիտարկումները:

1)Երբեք մի նեղսրտեք ու ոչ մի դեպքում մի արձագանքեք տեսանյութերի, հրապարակումների տակ հայտնված՝ ձեզ նյարդայնացնող մեկնաբանություններին: Հանկարծ դրանք սրտին մոտ չընդունեք:

Բարի գալուստ գոբլինների, թրոլերի ու վարձու ֆեյքերի աշխարհ: Նրանք տարբեր տիպի են լինում՝ որպես ինքնադրսևորման միակ միջոց ստեղնաշարն ունեցողներից մինչև ձեզ հետ շահերի բախում ունեցածներ ու ձեր քաղաքական հակառակորդների գործիքներ:

Սովորեք տարբերել կառավարվող գրոհը քաղաքացիների մտահոգությունից կամ ձեր աշխատանքի հանդեպ ունեցած դժգոհությունից:
Եթե ուղիղ եթերի ժամանակ բացասական մեկնաբանություններ չեն եղել (լավ կլինի որ ձեր մամուլի ծառայությունը կամ մտերիմ մարդ միշտ դիտարկի հենց ուղիղ եթերի ժամանակ մեկնաբանությունները), իսկ որոշ ժամանակ անց, մի քանի րոպե տարբերությամբ, հայտնվել է նեգատիվի շարան, ապա, մեծամասամբ, ձեր դեմ ուղղորդված մեկնաբանում է տեղի ունեցել: Իսկ եթե դա արվել է կեղծ օգտատերերի միջոցով, ապա, անկասկած, գործ ունեք պատվերի հետ:

Միշտ հիշեք, որ ձեզ ճանաչող ու գնահատողներն ավելի շատ են, քան վայրահաչող գոբլիններն ու միայն վերնագրով հետևություն անող մեր օրերի սոցցանցային չարիքները:

Միևնույն ժամանակ անպայման ուշադրություն դարձրեք իրական օգտատերերի կողմից ձեր աշխատանքին տրվող լավ ու վատ գնահատականներին:

Եթե անձնական վիրավորանքներ եք հանդիպել, կապ հաստատեք խմբագրության հետ և պահանջեք մոդերացիա անել մեկնաբանությունների:

2) Երբեք մի հնչեցրեք այն, ինչի ապացույցը ձեռքի տակ չունեք: Մի բան է, երբ դա արել եք ընդդիմադիր եղած ժամանակ, այլ բան, երբ պետությունն եք ներկայացնում:
Ձեր ամեն խոսքից կառչելու են, փորձելու են օգտագործել ձեր դեմ:

3) Մի տվեք անձնական որակավորումներ, պիտակներ: Մի թիրախավորեք անձանց:
Թիրախավորեք երևույթը՝ ցույց տալով բացառապես պետության ու ժողովրդի շահը պաշտպանելու ձեր շարժառիթը, այլ ոչ այս կամ այն անձի հանդեպ ձեր հակակրանքը:

4)Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եղեք բաց և հարգալից: Նույնիսկ եթե տվյալ լրատվամիջոցը ձեզ անընդհատ հարվածում է:
Տեղեկատվություն տրամադրելը ձեր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է, այլ ոչ բարի կամքը:

Դեռ այսքանը: Մի օր, եթե ցանկանաք, կգրեմ նաև, թե ինչպես խոսել, որպեսզի ազդեցիկ լինի ասելիքը՝ ձայնի ելևէջներից մինչև շեշտադրումներ ու հատուկ հնարքներ:

loading...