Հայկական խոհանոցը հարուստ է ուտեստներով, որոնք շատ օգտակար են և գոհացնում են բոլոր նրանց, ովքեր առողջ ապրելակերպի կողմնակից են։ Sputnik Արմենիան ձեզ է ներկայացնում ավանդական ուտեստների համեղ բաղադրատոմսերի լավագույն հնգյակը։
Հայերի շրջանում սխալ պատկերացում կա, թե հայկական խոհանոցը միայն մսից պատրաստված ծանր ուտեստներ են։ Իրականում հայկական ավանդական խոհանոցը հարուստ է թեթև կերակուրներով, որոնք օգտակար են ու չգիրացնող (իհարկե, չափը պահելու դեպքում)։
Հացահատիկային բույսերից պատրաստած ուտեստներ
Հացահատիկային մշակաբույսերից պատրաստած ուտեստները հնուց ի վեր տարածված են հայերի շրջանում։ Հացազգիները մշտապես եղել են հայկական ավանդական բաղադրատոմսերում և այսօր էլ շատ տարածված են։
Հաճարով փլավ
«Հացազգի բույսերն օգտագործում էին հաց, տարբեր տեսակի փլավներ պատրաստելիս։ Սկզբում հացազգիներն օգտագործում էին չմաքրած վիճակում։ Հացազգի բույսերն ընդհանրապես հարուստ են D, B, Е վիտամիններով, բջջանյութով, որոնք օգտակար են օրգանիզմի համար»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Հայաստանում ամենատարածված բաղադրատոմսերից է հաճարով և սնկով կամ հավի մսով փլավը։ Առավել դիետիկ է համարվում «հաճարով և սնկով փլավը»։
Փլավը պատրաստելու համար օգտագործում են հաճար, սունկ, սոխ։ Փլավը մատուցում են որպես խավարտ ինչպես տանը, այնպես էլ ռեստորաններում։