Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստին  ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունները բարձրացրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քննարկվող հրաժարականի հարցը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանը  նիստը վարող Կամո Արեյանին հարց ուղղեց, թե որքան դեռ պետք է շարունակի գործել այս ավագանին: «Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցով մենք մտահոգ ենք, այս փակ գործելաոճը չպետք է շարունակվի: Ես որևէ հարցում շտապողականություն չեմ ցուցաբերում, բայց գոնե Երևան համայնքի քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե դեռ որքան պետք է գործի այս ավագանին և քաղաքական ուժերն էլ պետք է հասկանան ինչ ժամկետներում առաջադրումներ կատարել»,-նշեց նա:

Հարցին ի պատասխան՝ Կամո Արեյանը  հորդորեց ժամանակից առաջ չանցնել: «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց ձեր ելույթում կար պատասխան` չշտապել, ժամանակից առաջ չանցնել: Կարծում եմ, պետք է ապավինել այս կոչին»,-հավելեց Արեյանը:

Երևանի ավագանու հունիսի 26-ին նիստը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխարեն վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նիստի սկզբում նշեց, որ Տարոն Մարգարյանը նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:

loading...