Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին կոչ է անում բարձրաձայնել բանակում ծառայող իրենց երեխաների սննդի և հագուստի հետ կապված խնդիրների մասին: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե իր եղբայրը շարունակում է սննդի համար գումար ուզել ծնողներից, քանի որ զինվորները դիրքերում սոված են մնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլի ասում է, որ բանակում՝ բոլոր զորամասերում պետք է ապահովվի պատշաճ սնունդ:

«Եվ ես շարունակում եմ կոչ անել՝ եթե որևէ տեղ խնդիր կա, ապա դիմեք մամուլին, դիմեք կառավարություն, դիմեք վարչապետին կից վերահսկողական ծառայություն, դիմեք վարչապետի աշխատակազմ, որովհետև մեր քաղաքական կամքը հստակ է, որ նման իրավիճակներ չպետք է լինեն: Տեսեք, օրինակ, նախորդ հարց տվողներից մեկը շնորհակալություն էր հայտնում, որ այդ հարցերը իրենց մոտ լուծված են, բայց հիմա Դուք ահազանգում եք, որ ինչ-որ տեղ այդ հարցը լուծված չէ: Օգնեք մեզ, որ գտնենք այդ հասցեն և արագ լուծենք այդ հարցը, որովհետև այդ հարցի լուծման համար խնդիր չկա: Խնդիրը տեղն ու պատասխանատուին որոշելն է: Եթե հիմա գրեիք, որ N զորամասի այսինչ կետում է այդ դեպքը, ես մինչև ուղիղ եթերը այդ հարցը կլուծեի: Բայց մենք հետևողականորեն զբաղվելու ենք այս հարցով: Տարբերակ չկա՝ զինվորը պետք է լինի կուշտ, ունենա որակյալ հագուստ, ունենա պատշաճ ներքնազգեստ և ծառայության պատշաճ պայմաններ: Մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք»,- վստահեցրեց վարչապետը՝ երաշխավորելով, որ որևէ մեկը չի կարող որևէ բան ասել ահազանգող ծնողի երեխային, քանի որ եթե կլինի սպա, ով կփորձի որևէ բան ասել զինծառայողին, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

Վարչապետը շեշտեց, որ կառավարության համար առաջնային նշանակություն ունի բանակի հետ կապված չարաշահումներով զբաղվելը:

«Եվ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումն առաջին հերթին կարևոր է սրա համար, որ մենք ցույց ենք տալիս, որ զինվորի բաժին գողացողը պատժվելու է: Եթե մինչ այդ սրա մասին ճառեր էին ասվում, հիմա գործնական քայլեր են արվում այդ ուղղությամբ: Բայց ես չեմ ցականում այս ֆոնի տակ մեր ազնվագույն սպաների ծառայությունը նսեմցանել, որովհետև կան հրամանատարներ, ովքեր անգամ իրենց տանից են ինչ-որ բաներ բերում զինվորին ապահովելու համար: Այո, կան սպաներ, ովքեր գողանում են: Այս երկու խավերին չպետք է խառնել, մենք արժանին պետք է մատուցենք մեր ազնիվ սպաներին: Մեր բանակի հենասյունը ազնիվ սպաներն են, և այդպիսի սպաները մեր բանակում ճնշող մեծամասնություն են կազմում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ևս մեն անգամ շեշտեց՝ կառավարությունը լրջորեն զբաղվելու է բանակում չարաշահումների դեպքերի բացահայտմամբ:

loading...