Առեղծվածային հիվանդությունից, որի դեպքում մարդիկ իրենց մարմնում զգում են օտարածին օրգանիզմների ներկայություն, այսպես կոչված ցնորային ինվազիայից, ամբողջ աշխարհում մոտ երկու միլիոն մարդ կարող է տուժել, պարզել են Մայո կլինիկայի հետազոտողները։ Այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Dermatology ամսագրում։

Ցնորային ինվազիան, կամ մորգելոնային հիվանդությունը՝ անհայտ էթիոլոգիայի խանգարում է, որի դեպքում մարդիկ սխալմամբ համարում են, որ իրենց մարմինը բնակեցված է բազմաթիվ մակաբույծներով կամ այլ ախտածիններով (օրինակ մանրաթելերով); Հիվանդները, որպես կանոն, չեն հավատում անալիզների պատասխաններին, որոնք ցույց են տալիս, որ նրանք վարակված չեն ու հրաժարվում են հոգեբուժական փորձաքննությունից։

Համաճարակաբանների տվյալների համաձայն՝ ցնորային ինվազիայի դեպքերի հաճախությունը կազմում է 1․9՝ 100 հազար մարդուն։ Սակայն մասնագետները առայսօր ճշգրիտ տվյալներ չունեին մարդկանց շրջանում այդ հիվանդության տարածվածության մասին։

Գիտնականները վերլուծել են Ռոչեստերում Համաճարակաբանական նախագծի շրջանակում ստացված տվյալները ու հայտնաբերել 2010-ին Օլմսթեդ օկրուգում բնակվող 35 հիվանդների, որոնք գանգատվում էին մակաբուծային վարակից՝ չունենալով այդ մասին վկայող որևէ բժշկական  ապացույց։

Նման ախտորոշում ունեցողների միջին տարիքը 64․5 տարեկանն էր, սակայն հիվանդներից մեկը 12 տարեկան երեխա էր, իսկ յոթը՝ 80-ն անց մարդիկ։ Հիմնականում ցնորային ինվազիայից տուժում էին 40-59 տարեկան կանայք (10 մարդ), սակայն  տղամարդկանց ու կանանց միջև տարբերությունները վիճակագրական առումով զգալի չէին։ Ըստ նոր տվյալների՝ հիվանդության ընդհանուր տարածվածությունը կազմում էր 27․3 դեպք՝ 100 հազար մարդու դեպքում, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ գնահատականները։ Գիտնականները այդ տարբերությունը բացատրում են  նրանով, որ իրենք օգտագործել են ոչ միայն նեղ մասնագետների, այլև ընդհանուր պրակտիկայի բժիշկների բժշկական գրառումները։

loading...