Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը. լրագրողների հետ զրույցում այս լուրը հաստատել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս Կարապետյանի քայլը փախուստ չի համարում, սակայն դժվար է այլ բառով բնութագրել Հայաստանի նախկին վարչապետի քայլը` անկախ այն հանգամանքից, թե վերջինիս փախուստը որ հասցեով է տեղի ունենալու:

Կարեն Կարապետյանը Հայաստանի քրեաօլիգարխիայի այն ներկայացուցիչներից մեկն է, որի համար Հայաստանը նույնանում է միայն իշխանության, պաշտոնի հետ: Ի՞նչ գործ ունի Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հետ, եթե վերջինս այլևս չի նույնանում իշխանության հետ: Քաղքենի տեսակի համար ընդդիմադիր կարգավիճակում գործելը նույնական է ինքնասպանության հետ. Կարեն Կարապետյանը 2011-ին նույնիսկ Երևանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնը լքեց, երբ հայրենի «Գազպրոմը» նրա համար Մոսկվայում գրդոնի ավելի լայն հորիզոններ բացեց: Փախուստը Կարեն Կարապետյանի վարքագծի կարևոր բաղադրիչն է:

Մյուս կողմից` Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի բովանդակային «ապահարզանը» տեղի էր ունեցել ավելի վաղ` ապրիլի 23-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը փորձում էր ստանձնել երկրի կառավարման ղեկը` Հայաստանի «աբխազացման» գնով:

Հասարակությունը բուռն դիմադրություն ցույց տվեց այս սցենարին, սակայն այդ ճակատագրական օրերին Կարապետյանին «մենության» մեջ թողեց նաև ՀՀԿ-ն` հրաժարվելով անգամ քննարկել վարչապետի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման հարցը:

Հիմա հետաքրքիր է, թե ինչ բովանդակություն կունենա Կարեն Կարապետյանի նոր «փախուստը»: Նա առհասարակ թողնո՞ւմ է քաղաքականությունը` նոր ծառայություն ստանալով Մոսկվայում, թե՞ սա փախուստ է հենց ՀՀԿ-ից: Վերջին շրջանում մամուլը պարբերաբար գրում է, որ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մտադիր է Հայաստանում նոր կուսակցություն հիմնել: Այս լուրը պարբերաբար հերքվում, սակայն կրկին ակտիվանում է: Եթե Կարեն Կարապետյանի հրաժարումը ՀՀԿ-ից տեղավորվում է այս տրամաբանության մեջ, ապա շուտով Հայաստանի քաղաքական դաշտում կհայտնվի «ռուսական» նոր ընդդիմություն: Սա կլինի ոչ թե նոր կուսակցություն ստեղծելու հերթական շարքային նախաձեռնություն, այլ Մոսկվայի փորձ` նոր քաղաքական փաթեթավորում տալ հայկական քրեաօլիգարխիային: Սա կլինի Մոսկվայի յուրօրինակ պատասխանը Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն քաղաքականությանը, որն իր ենթաշերտով ուղղված է ռուսական շահերի, այն կրող քրեաօլիգարխիայի դեմ:

Դժվար է այս պահին հստակ կանխատեսել, թե որ վարկածն է իրական, սակայն Կարապետյանի հեռանալը ՀՀԿ-ից նշանային իրադարձություն է` այն առումով, որ երբեմնի իշխող կուսակցությունը կորցնում է իր նշանակությունը նաև ռուսաստանյան քաղաքական շրջանակների և նրան սերտաճած ռուսահայ քրեաօլիգարխիկ սեգմենտի համար:

loading...