Շմայսը նախօրեին հիշել է իր «Շմայսեր» ավտոմատի մասին, որ պահել է դեռևս Արցախյան պատերազմից հետո, և հիմա բերել ու հանձնել է ԱԱԾ՝ իր մոտ ապօրինի զենքի գործի շրջանակում: Դրա շրջանակում նա բերման էր ենթարկվել օրեր առաջ, հետո ազատ արձակվել, քանի որ կամավոր հայտնել էր ունեցած ռազմամթերքի և զենքի տեղը: Փաստորեն, «Շմայսեր» ինքնաձիգի մասին մոռացել է կամ մինչև վերջին պահը չի ցանկացել հրաժարվել իր «թալիսմանից»: Շմայսը հայտարարել է, որ «արդեն էս երկրում զենք պահելու կարիք չկա»:

Սա խիստ ուշագրավ հայտարարություն է, որը բնութագրում է Հայաստանի նախորդ կամ հեռացող համակարգի ամբողջ էությունը: Իսկ ինչո՞ւ է եղել զենք պահելու կարիք «այս երկրում»: Հետաքրքիր կլիներ, թե ինչ կպատասխաներ Շմայսը այդ հարցին: Ումի՞ց և ինչի՞ց պաշտպանվելու համար: Այդ հայտարարությունը հուշում է, որ Հայաստանում առկա համակարգը, որ այժմ ապամոնտաժվում է, եղել է միանգամայն գիտակցված ընտրություն դրա բոլոր մասնակիցների համար, որոնք նաև շատ լավ պատկերացրել են իրենց արածի վտանգավորությունը: Դրա համար է, որ եղել է «էս երկրում» զենք պահելու կարիք, որովհետև միայն «զենքը» կարող էր լինել անվտանգության երաշխիք այդ համակարգի մասնակիցների համար:

Ընդ որում, արդեն կարևոր չէ, այսինքն՝ երկրորդ հարցն է, թե հատկապես ումի՞ց էր պետք պաշտպանվել: Առաջին հայացքից թվում է, որ հասարակությունից, այսպես ասած՝ ընդդիմություններից, որոնք կփորձեին հավակնել իշխանության, զենքը պետք էր ընտրություն կեղծելու, սպառնալու, հեղափոխություն ցրելու կամ, ասենք, Մարտի 1 անելու համար: Ի դեպ, Առաքել Մովսիսյանը՝ նույն ինքը Շմայսը, ներառված է եղել այն ցուցակում, որ փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքում էր կազմվել, ու հրապարակել էր Հայ ազգային կոնգրեսը, որտեղ մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի և օլիգարխի անուններ էին, որոնք ըստ փաստահավաք խմբի՝ Մարտի 1-ին իրենց թիկնազորների համար ստացել են իրավապահների հանդերձանք և ներգրավվել հանրության հանդեպ գործողություններին:

Այդ ցուցակում իր անվան վերաբերյալ հայտարարություն արել է միայն Գագիկ Ծառուկյանը, որը հերքել է, թե մասնակցել է այդ գործողությանը: Մնացյալը ըստ էության լռել են, և հետաքրքիր է՝ Շմայսի հիշողությունը կարո՞ղ է թարմացած լինել ոչ միայն պատերազմից պահած ավտոմատի, այլ նաև Մարտի 1-ի մասով: Եթե նա սկսել է հիշել մոտ 25-ամյա վաղեմության պահածների մասին, ապա տասնամյա վաղեմության անցուդարձը հիշելը նրա համար պետք է որ ավելի հեշտ լինի:

Մյուս կողմից՝ զենք պահելու կարիք եղել է իհարկե նաև միմյանցից պաշտպանվելու համար, իրենք իրենցից, որովհետև գիտակցված ընտրությունն ըստ էության նաև նշանակում է, որ գիտակցվել է նաև ինչ-որ պահի պատասխանատվության խնդիրը, առնվազն մի պատասխանատուի՝ այսպես ասած, քավության նոխազի կամ «զոհաբերման» ենթակայի խնդիրը:

Զենքը եղել է այդ հարցում երաշխիքներից կամ անվտանգության գրավականներից մեկը, իհարկե՝ ոչ միակը: Հիմա արդեն երաշխիքների համակարգը լիովին փոխվում է, երաշխավորը հիմա դառնում են օրենքն ու պետությունը, և զենքն արդեն իսկապես պետք չէ, որովհետև սկսել է աշխատել իրավապահ համակարգը:

loading...