Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է սեղմել Իսպանիայի դեսպանի ձեռքը Վաշինգտոնում Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնի (Smithsonian Folklife Festival) բացման արարողության ժամանակ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նկարիչ, գրաֆիկ և դիզայներ Ռուբեն Մալայանը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 27-ին փառատոնի հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում` Հայաստանից և Կատալոնիայից։
Ինչպես հայտնում է Մալայանը, Իսպանիայի դեսպանն արարողության ընթացքում հայտարարել է, որ իր երկրում չկան քաղբանտարկյալներ, ինչից դժգոհել է Կատալոնիայի պատվիրակությունը և, ի նշան բողոքի, լքել է դահլիճը։ Կատալոնացիները դուրս են եկել փողոց և սկսել են պարել։
Նշենք, որ Կատալոնիան ձգտում է անկախանալ Իսպանիայից։ 2017թ-ին անցկացվեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որի ընթացքում քվեարկողների մեծամասնությունը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին, բայց երկրի Սահմանադրական դատարանը հրաժարվեց ընդունել հանրաքվեի արդյունքները։ Մինչ հանրաքվեն Կատալոնիայի ավելի քան տասնյակ պաշտոնյաներ ձերբակալվեցին, իսկ քվեարկությունն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով։ Կառլես Պուչդեմոնին, որն այդ պահին Կատալոնիայի ղեկավարն էր, և ևս 13 կատալոնացի պաշտոնյաների ըմբոստության և կոռուպցիայի մեղադրանքներ առաջադրվեցին։
Սմիթսոնյան փառատոնի ելույթից հետո Իսպանիայի դեսպանը մոտեցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին` նրա ձեռքը սեղմելու, բայց նա հրաժարվել է։
«Երբ ամեն ինչ ավարտվեց, Իսպանիայի դեսպանը մոտեցավ Հայաստանի նախագահին` նրա ձեռքը սեղմելու և մերժում ստացավ։ Հարգեցի», — գրել է Մալայանը։