Հուլիսի 8-ին կկայանա «Միսս Հայուհի 2018»-ը: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է մրցույթի կազմակերպիչ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանի հետ:

«Հունիսի 17-ին կայացավ «Միսս Հայուհի 2018»-ի մասնակիցների վերջնական ընտրությունը: Ասեմ, որ այս տարի մեծ թվով աղջիկներ չեն հայտագրվել, գուցե շատերը մտավախություն ունեին եւ չէին ռիսկել փորձել, փոխարենը շատ ավելի ակտիվ էր սփյուռքը: Եթե անցյալ տարի 400 հոգուց ընտրել ենք 24-ին, ապա այս տարի 200-ից ընտրվել են 21-ը»- նշեց Գոհարը՝ հավելելով, որ հուլիսի 8-ին կմասնակցեն աղջիկներց միայն 20-ը, քանի որ մինչ այդ նրանցից կընտրվի «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:

«Հուլիսի 4-ին ունենալու ենք շատ գեղեցիկ փակ միջոցառում, որտեղ աղջիկները կներկայացնեն իրենց տաղանդները: Այդ օրը լողազգեստով եւ երեկոյան հագուստով ներկայանալուց զատ, կլինի նաեւ ոչ պաշտոնական շփում աղջիկների հետ, իսկ արդեն վերջում կընտրվի «Միսս տաղանդ»-ը, որի անունը կհրապարակվի միայն հուլիսի 8-ին, եւ ամենակարեւորը՝ կընտրվի «Միսս Տիեզերք Արմենիա» հաղթողը, ով արդեն ամիսներ անց «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում կներկայացնի Հայաստանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ի դեպ՝ Գոհար Հարությունյանին հաջողվել է ձեռք բերել ինչպես «Միսս Տիեզերք», այնպես էլ «Միսս աշխարհը» միջազգային մրցույթներում ներկայանալու իրավունքները, այնպես որ «Միսս Հայուհի 2018»-ը հաղթանակած աղջիկը կամասնակցի նաեւ «Միսս Աշխարհ» մրցույթին:

Կազմակերպիչը հետաքրքիր փաստ արձանագրեց.

«Գուցե անցյալ տարվա քննադատություններից ելնելով՝ այս տարի հայտագրվել են բավականին բանիմաց աղջիկներ, նրանցից շատերը բանասերներ են, լրագրողներ, տիրապետում են լեզուների: Այսինքն՝ աղջիկները գուցե անցյալ տարի մրցույթը դիտելուց հետո վստահ են եղել, որ իրենք եւս կարող են փորձել եւ շատ ավելի պատրաստված ներկայանալ: Այս տարվա աղջիկները հասրակաության պահանջներին համապատասխան են, ինչը, կարծում եմ, միայն դրականորեն կարող է անդրադառնալ մրցույթի վրա»:

Այս օրերին ընտրված աղջիկները արդեն իսկ սկսել են մրցութային օրերի շրջանակում այցելությունները տարբեր տեսարժան վայրեր, նրանք կունենան հետաքրքիր հանդիպումներ, կմասնակցեն բարեգործական երեկույթների եւ կպատրաստվեն մրցութային օրվան:

«Աղջիկներն արդեն ընկերացել են, միասին լավ ժամանակ են անցկացնում: Հուսամ, որ այս տարի եւս աղջիկները լավ հիշողություններով ու նոր ընկերուհիներ ձեռք բերած կվերադառնան տուն»,- նկատեց նա:

loading...