Հայաստանում արտահերթ ընտրական գործընթացին ընդառաջ՝ հնչող հարցերի շարքում ոչ միայն խաղի կանոններին առնչվող հարցերն են՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության համատեքստում, այլ նաև ընդդիմության հարցը՝ ով է լինելու ընդդիմություն առաջիկա ընտրական գործընթացում: Այլ կերպ ասած, ով է լինելու ընդդիմություն լայն հարցը առկա է՝ անկախ Փաշինյանի թիմի մասնակցության ֆորմատից: ՀՀԿ-ն, որն այսօր հայտարարված, թերևս, միակ ընդդիմությունն է, իրականում հակառակը՝ միակն է, որ ընդդիմություն լինել չի կարող, այսինքն՝ չի կարող հավակնել հանրության ձայնին: Իհարկե, կլինի խանգարել փորձողներից մեկը, այնքանով, ինչքանով կստացվի, սակայն դա արդեն այլ հարց է:
Խոշոր հաշվով, սակայն, առաջիկա արտահերթ գործընթացը, թերևս, ունենալու է ոչ թե ընդդիմություն, այլ ավելի շուտ խանգարել փորձողներ, որոնք այդ բնույթի գործունեությունն են փորձելու ներկայացնել որպես ընդդիմադիր գործունեություն՝ հաշվարկելով դրա արդյունքում ստանալ ձայներ և հայտնվել խորհրդարանում: Ի վերջո, ընդդիմության խնդիրը բաց է օբյեկտիվորեն, որովհետև Հայաստանում պրոցեսը հերթական քաղաքական չէ, այլ հեղափոխական, ծավալվել կամ զարգացել է թավշյա հեղափոխության, քաղաքացիական անհնազանդության արդյունքում, և ըստ էության՝ ոչ այնքան առաջին ընտրությունն է դրանից հետո, որքան վերջին քայլն է այդ հեղափոխության գործընթացում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան ՍԵդա Սաֆարյանը, Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը, Հայ կառուցողական կուսակցության կազմկոմիտեի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը բխում է հանրային շահից, մեր պետության բարօրությունից, բայց պետք է շատ զգույշ լինել, կա մարդու իրավունք անօտարելի հասկացություն, և ոչ մի դեպքում չի կարելի զոհել մարդու իրավունքը հանուն հանցավորության դեմ պայքարի. այս երկուսը պետք է հավասարակշռվի»,- նշեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ անմեղության կանխավարկածը սկսել է հաճախ խախտվել:
«Հեղափոխական շրջան է, էյֆորիան մեծ է, բայց պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցենք, որ էյֆորիայով չենք կարող երկիրն անվերջ առաջ տանել, պետք է օրենքի և իրավունքի գերակայություն»,- ընդգծեց Ա. Ղազարյանը:
Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ միայն դատարանի միջոցով կարելի է մարդուն կպցնել այդ պիտակը, որ ինքը մեղավոր է, երբ բավարար ապացույցներով ապացուցված է նրա մեղքը. «Շատ հրատապ հայտարարություններ են արվում անձի մեղավորության հետ կապված՝ դրանք պետք է կրեն ընդամենը տեղեկատվական բնույթ»:
«Մեր հանրության սպասումները հիմնվում են մեր երկրի պատմության ընթացքում կուտակված փորձի վրա, երբ մենք ասում ենք կոռուպցիա, դա վերացական բան չէ, մարդիկ հստակ դա կապում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անվան հետ՝ նկատի ունենալով, որ նրանց օրոք տարիներ շարունակ վաճառքի էին հանվում պաշտոնները: Եվ կոռուպցիան բրգաձև համակարգ էր»,- նշեց Ա. Ղուկասյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր ձերբազատվել կոռուպցիայից այն աստիճանի, որ հնարավոր լինի ընտրությունների գնալ՝ վստահ լինելով, որ հին տաշտակի առջև չենք հայտնվի և նախորդ ընտրությունների նման կոռուպցիոն մեխանիզմները չեն գործի, Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ դրա համար առաջին հերթին հասարակությունը պետք է պարկեշտ լինի և ձերբազատվի թաղային հեղինակություններից, քանի որ նրանց միջոցով են կիրառվել այդ մեխանիզմները և նրանցով է հիմնականում պայմանավորված եղել այս կամ այն անձի հաղթանակը: