Խմել շատ ջուր, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. շոգ եղանակին դիմանալու մասնագետի խորհուրդները


Դիտումներ ` 446

Խմել շատ ջուր, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. շոգ եղանակին դիմանալու մասնագետի խորհուրդները

Շոգ եղանակի պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ շոգ եղանակով պայմանավորված քրտնարտադրությունն ուժեղանում և մարդը կորցնում է շատ քանակությամբ ջուր, աղ ու սպիտակուց:

«Հետևաբար ջուր խմելը պարզապես անհրաժեշտություն է: Այստեղ ուզում եմ ընդգծել հենց ջուրը, որովհետև շատ հաճախ հյութերը, գազավորված ըմպելիքները փոխարինվում են ջրով, ինչը ճիշտ չէ: Շաքար, կոֆեին պարունակող ըմպելիքներն առանց այն էլ օրգանիզմից ջուր են կլանում: Խորհուրդ է տրվում ըմպել նաև թան, որը պարունակում է աղ և սպիտակուց»,- ասաց Նունե Բակունցը:

Մասնագետը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրսում գտնվելու ժամանակ անպայման ունենալ հովանոց, գլխարկ, արևապաշտպան ակնոց: Ռիսկի խմբի անձինք պետք է ուշադիր լինեն: Մասնավորապես, հղի կանանց, 65 տարեկանից բարձր անձանց, երեխաներին խորհուրդ է տրվում կեսօրին մի քանի ժամ պառկած անցկացնել:

Անհրաժեշտ  է փոխել օրվա ռեժիմը, եթե ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք է, ապա դա պետք է անել զով ժամերին, որպեսզի օրգանիզմը չծանրաբեռնվի: Փոփոխության անհրաժեշտություն կա նաև սննդակարգում, ծանրամարս, յուղոտ ուտելիքները պետք է հնարավորինս բացառել:

Նունե Բակունցն անդրադարձավ նաև դեկորատիվ ջրավազաններին: Նա ընդգծեց, որ այդ ջրավազանները նախատեսված չեն լողալու համար:

«Դեկորատիվ ջրավազանների ոչ ջուրը, ոչ կառուցվածքային հնարավորությունները անվտանգ չեն, հետևաբար լողալ չի թույլատրվում: Ջուրը մաքուր չէ, չկա մշտական ախտահանում, այնտեղ կարող են լինել սուր անկյուններ, անհարթ մակերեսներ, խողովակներ, լողացողները կարող են վնասվել»,-ավելացրեց Նունե Բակունցը:

 
loading...
Փակել