Կիզիչ շոգին տառապում են մարդու օրգանիզմի բոլոր համակարգերը, որոնց վիճակվում է աշխատել վերջին ուժերով: Առաջարկում ենք խորհուրդներ, թե ինչպես կարելի է օրգանիզմին օգնել՝ դիմադրելու շոգին:
Շարժողական ակտիվություն
Հիշեք, որ +26˚С-ի դեպքում նույնիսկ լիովին առողջ մարդկանց հակացուցված է սպորտով զբաղվելը կամ այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Չափավորեք արևահարությունները: Շարժումներ կատարեք չափավոր տեմպով: Հիշեք, որ +26˚С-ից հետո ջերմաստիճանի յուրաքանչյուր 1 աստիճանով բարձրանալը մարդու աշխատունակությունը նվազեցնում է 10 տոկոսով, և մի՛ շտապեք, պահպանե՛ք ձեզ:
Սնունդ
Ամռան շոգին պետք է ուտել օրը 4-5 անգամ, քիչ չափաքանակով: Ուտելիքը պետք է լինի թեթև և դյուրամարս: Պետք չէ, որ օրգանիզմը լրացուցիչ ուժեր ծախսի ճարպոտ ուտելիքի վրա:
Եփած ձուկ, թեթև ապուրներ, թարմ մրգեր և բանջարեղեն, ֆերմենտացված կաթնամթերք. ահա ձեր օրակարգը շոգ եղանակին:
Հրաժարվե՛ք տորթերից և թխվածքներից, դրանք արագ փչանում են և դառնում թունավորումների պատճառ:
Ջուր և խմիչքներ
Շոգին խմեք գոլ ջուր կամ տաք կանաչ թեյ, որովհետև տաք ըմպելիքներն ավելի լավ են հագեցնում ծարավը, քանի որ ավելի լավ են յուրացվում ստամոքսի կողմից: Իսկ կանաչ թեյը կարգավորում է օրգանիզմի ջրային բալանսը:
Հեղուկը հարկավոր է խմել քիչ-քիչ, ամբողջ օրվա ընթացքում: Հեռու մնացեք սպիրտային խմիչքներ օգտագործելուց, որոնք ջրազրկում են առաջացնում օրգանիզմում: Բացառություն է չոր գինին՝ ջրի հետ խառնած 1/3 հարաբերությամբ:
Հագուստ և կոշիկ
Ընտրեք թեթև և օդաթափանց հագուստ՝ բնական բամբակի կամ բեհեզե կտորներից: Ոչ մի կիպ, սեղմող վերնաշապիկ, տաբատ և կիսաշրջազգեստ: Հագուստը պետք է ազատ լինի:
Հագեք թեթև, բաց և հարմար կոշիկ: Հրաժարվեք բարձր կրունկներից:
Եվս մի քանի խորհուրդ
Շոգ քաղաքում օգտվեք քաղաքակրթության բարիքներից՝ պարբերաբար մի քանի րոպեով մտեք խանութներ, առևտրի կենտրոններ և գրասենյակներ, որպեսզի մի քանի րոպե մնաք զով տեղերում, որտեղ գործում են օդափոխիչներ:
Աշխատեք գնալ ծովի, գետի կամ լճի ափ կամ ինչ-որ ջրամբարի մոտ, լողացեք:
Մի՛ օգտագործեք կոսմետիկա, մաշկին թույլ տվեք լիարժեք շնչել:
Աչքերը պահպանեք ուլտրամանուշակագույն ճառագայթումների ազդեցությունից, կրեք որակյալ արևային ակնոցներ:
Սրտանոթային հիվանդություններով, սրտի ինֆարկտ կամ կաթված տարած, արյան բարձր ճնշում ունեցող, ալերգիկ, խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ և պարզապես փոքր երեխաները հատկապես խոցելի են շոգ եղանակին, այդ պատճառով նրանք պետք է զգուշանան շոգից: