Դուք շատ կզարմանաք, թե ինչպես եք սահմանափակվել միայն մայոնեզով և կետչուպով:
Տոմատի սոուս Իտալիայից – ամենալավ հավելումը պաստայի և պիցցայի համար
Մեծ թասի մեջ տաքացնել 2 ճ/գ ձիթապտղի յուղ, ավելացնել 1 հատ մանր կտրատված սոխ և 3 պճեղ սխտոր: Եփել 7-8 րոպե: Ավելացնել 1 ճ/գ խնկածաղիկ, 800 գ կտրատված կոնսերվացված լոլիկներ, 2 ճ/գ տոմատի պաստա և 1 ճ/գ շաքարավազ: Եփել 20 րոպե՝ մինչև սոուսի թանձրանալը: Դրանից հետո ավելացնել 4 հատ նախօրոք կեղևազրկված և կորիզներից մաքրված թարմ լոլիկ: Համեմել աղով և պղպեղով:
Սոուս «Սալսա» – իսպանական կիրք
Բլենդերի միջոցով մանրացնել 15 հատ չերի լոլիկ, 1 պճեղ սխտոր, մեկական փունջ սամիթ և կանաչ սոխ: Ավելացնել 1 թ/գ բալզամիկ քացախ, մեկական ճ/գ տոմատի պաստա և ձիթապտղի յուղ: Համեմել աղով և պղպեղով:
Սոուս «Պեստո»
Բլենդերի մեջ հարել 50 գ ռեհան, 2 պճեղ սխտոր, 0 գ պարմեզան, 3 ճ/գ մայրու ընկույզ, 100 մլ ձիթապտղի յուղ և աղ:
Թթվաքաղցրավուն սոուս՝ չինական խոհանոցի համար
Խառնել 1,5 ճ/գ շաքարավազ, 2 ճ/գ քացախ, մեկական ճ/գ տոմատի խյուս և սոյայի սոուս, 3 ճ/գ նարնջի հյութ: Առանձին խառնել 1 թ/գ եգիպտացորենի ալյուրը 4 ճ/գ ջրի հետ և ավելացնել խառնուրդին: Ստացված սոուսը դնել կրակի վրա և անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի: Սոուսը պետք է մատուցել տաք վիճակում:
Իտալական սոուս՝ թեթև աղցանների համար
Բանկայի մեջ առնել 2.5 ճ/գ ձիթապտղի յուղ, 1.5 ճ/գ բալզամիկ քացախ, կես պճեղ սխտոր, 1/4 թ/գ աղ և սև պղպեղ: Փակել կափարիչով և լավ թափահարել:
Սոուս «Բարբեքյու»՝ գրիլի համար
Միջին կրակի վրա հալեցնել 50 գ կարագ, ավելացնել 1 բաժակ մանր կտրատված սոխ, տապակել 4-5 րոպե: Ավելացնել 200 մլ կետչուպ, 0.3 բաժակ ջուր, 50 գ մեղր, 2 ճ/գ կիտրոնի հյութ և 1/4 թ/գ աղացած պղպեղ: Խառնուրդը հասցնել եռման աստիճանի և եփել 10 րոպե:
Կաթնային սոուս
Թավայի մեջ հալեցնել 1 ճ/գ կարագ, ավելացնել 1 ճ/գ ալյուր: Աստիճանաբար ավելացնել 1.5 բաժակ կաթ: Եփել 10 րոպե, համեմել աղով:
Սոուս «Կեսար» աղցանի համար
Հարել 1 թ/գ մանանեխը՝ 1 ձվի դեղնուցի և 1 թ/գ աղի հետ: Կաթիլ-կաթիլ ավելացնել 150 մլ ձիթապտղի յուղ, հարել մինչև մայոնեզի խտության: Ավելացնել 1 ճ/գ կիտրոնի հյութ, 1 թ/գ աղացած պղպեղ, 2 պճեղ կտրատված սխտոր, 50 գ քերած պարմեզան և լավ խառնել:
Հունական սոուս «Ձաձիկի»
Խառնել 125 մլ բնական յոգուրտ, 2 պճեղ մանրացված սխտոր, 1 հատ մաքրած, կորիզներից զերծ քերած վարունգ, մեկական ճ/գ ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ, մանր կտրատված սամիթ, մաղադանոս: Համեմել աղով:
Սերուցքապանրային սոուս
Թասի մեջ խառնել 200 գ կտրատած հալած պանիր, 10 մլ ձիթայուղ, 200 մլ սերուցք: Եփել միջին կրակի վրա՝ մինչև եռալն անընդհատ խառնելով: Եռալուց հետո կրակն իջեցնել և ըստ ճաշակի ավելացնել ռեհան և սև պղպեղ: Անընդհատ խառնելով՝ ավելացնել 50 գ քերած պանիր: Շարունակել խառնել՝ մինչև սոուսի միասեռ դառնալը: