Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջներ» հեռուստասերիալում: Այստեղ երիտասարդ դերասանուհին մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, ում շուրջ էլ հենց զարգանում են գրեթե բոլոր իրադարձությունները: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ այս նախագծում աշխատելու շուրջ երկար է մտածել:

«Առաջարկը ստանալուց հետո որոշում կայացնելը շատ բարդ էր ինձ համար: Այդ շրջանում ինստիտուտում քննություններ ունեի, մի տեսակ ամեն ինչ խառնված էր իրար՝ չգիտեի՝ ընդունեի հրավերը, թե ոչ: Երկար մտածում էի, արժե՞ արդյոք, ի՞նչն է կարևր ինձ համար, մյուս կողմից էլ՝ անձնական կյանք, ներքին աշխարհս էլ շատ ծանր վիճակում էր: Ի դեպ՝ տեսակս այնպիսինն է, որ շատ դժվար եմ որոշումներ կայացնում, յուրաքանչյուր հարցի հետ կապված որոշում կայացնելու համար ինձ օրեր են պետք մտածելու, ծանրութեթև անելու, ռիսկի գործոնները հասկանալու համար: Մի խոսքով՝ արդյունքում որոշեցի ընդունել առաջարկն ու այսօր, փառք Աստծո, ամեն ինչ հասցնում եմ, թեև աշխատում եմ բավականին ծանր գրաֆիկով: Սիրելիս՝ Գոռն, իր մեծ լուման ունի իմ որոշուման մեջ, միասին շատ ենք խորհրդակցել: Սերիալի տնօրեն Հարություն Մովսիսյանն էլ կարողացավ ինձ համոզել, որ կարող եմ հասցնել»,- պատմեց Մարիամը:

Խոսելով իր հերոսուհու մասին՝ դերասանուհին նկատեց, որ նա դրամատիկ կերպար է, հերոսուհին՝ Սոնան, փորձություններով ու ինտրիգներով լի կյանք ունի.

«Սեր, դավաճանություն, խաբեություն՝ այս կերպարի մեջ ամեն ինչ կար և դա էլ ինձ գրավեց: Սոնան բախվում է շատ լուրջ խնդիրների, որոնց մասին նա անգամ մտածել չէր կարող: Նա խելացի, բանիմաց, բարի, կյանքով լեցուն ու հասուն աղջիկ էր, մինչև այն պահը, երբ մի վայրկյանում քանդվեց ամեն ինչ, հօդս ցնդեցին նրա բոլոր երազանքները, նպատակները: Այդուհետ նա սկսում է չհավատալ սիրուն: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դիտելով սերիալը՝ հասկանում եմ, թե ինչքան էմոցիա եմ տվել այս կերպարին: Գուցե շատերը չհավանեն խաղս, կամ հավանեն, բայց ես ինքս իմ ներսից զգում եմ, որ կերպարիս շատ-շատ մեծ էմոցիա եմ փոխանցել»,- նշեց նա՝ նկատելով, որ իրականում ինքն ու կերպարը չափից ավելի տարբեր են:

«Սոնան ու Մարիամը խիստ տարբեր են: Ես ավելի ռեալ եմ, զգաստ, իմ մեջ ամեն ինչ հավաքվում-հավաքվում, ու նոր պայթում է, իսկ Սոնան շուտ է ափերից դուրս գալիս: Ես սիրում եմ կերպարիս, ճիշտ է՝ շատ եմ քննադատել նրան, բայց հետո հասկացել եմ, որ կյանքը շատ ուժեղ է հարվածել նրան: Կերպարիս հետ այնքան էլ հաշտ չեմ, մտովի շատ եմ վիճում, բայց իմ խաղընկեր Կարեն Ասլանյանը ինձ միշտ փորձում է համոզել, որ ես սխալ եմ մտածում»,-ընդգծեց Մարիամ Ալեքսանյանը:

Հեռուստասերիալի հիմքում ընկած է մինչև ամուսնություն աղջկա սեռական կապի և հասարակության արձագանքի կոնֆլիկտը: Հարցին, թե ըստ նրա՝ Հայաստանում շարունակվո՞ւմ է ցավագին ընդունվել այդ երևույթը, և առհասարակ՝ այս իմաստով «Այրված անուրջները» կարո՞ղ է մարդկանց մտածողության վրա ազդել, պատասխանեց.

«Մենք ապրում ենք այն երկրում, որտեղ մարդկանց քարկոծելն ու բարձունքից իջեցնելը մի վայրկյանում կարող է կատարվել: Մեր հասարակության մեջ կա մի զանգված, որը ապրում է քննադատելու, խոսելու, բանբասելու համար: Ժողովրդի նեգատիվը բոլոր ժամանականերում էլ ազդել է մարդու վրա, ժողովուրդը քեզ կարող է բարձրացնել, և հենց այդ նույն ժողովուրդն էլ կարող է իջեցնել քեզ: Ես ինքս շատ պարզ եմ ապրում, աշխատում եմ ոչ մեկի չքննադատել, չչարախոսել, քանի որ դա շատ բացասական էներգիա է ինձ տալիս, որը կարող է փոխանցվել իմ  շրջապատին և դա լինի անգիտակցաբար: Այո, Հայաստանում դա հիմա նույնպես շատ արդի թեմա է, բայց միթե չենք հասկանում, որ դա մեր անձնականը չէ, մենք սիրում ենք ուրիշի կյանքով ապրել, մերը ծաղկացնելու, զարգացնելու փոխարեն՝ ուրիշի կյանքն ենք փորփրում: Հույսով եմ՝ այս սերիալով գոնե մի փոքր կփոխվի այդ երևույթը, ես շատ եմ ինձ վրա աշխատել ու երևի իմ ընտանիքի ֆակտորը ևս այդ հարցում մեծ է. Ես ծնվել եմ այնպիսի մթնոլորտում, որտեղ խոսում են, վիճում, բայց 5 րոպե անց մոռանում են ու անցնում առաջ: Ինձ միշտ թվացել է, որ բոլորն են էդպես: Այն մարդիկ, ովքեր քարկոծվում են ժողովրդի կողմից, խորհուրդ՝ առաջինը մտածեք ձեր անձի մասին, ձեր սխալ քայլից հետո ճիշտ ուղի ընտրելու մասին, փոխվելու ու առաջընթաց ունենալու մասիին, հասարակությունը միշտ խոսում է և կխոսի, նեգատիվը կտարածվի և դուք կկորցնեք ձեզ, ուստի ուժեղ եղեք, որ դիմակայեք, այն մարդիկ, ովքեր չարախոսում են, հաստատ չգիտեն, թե վաղն իրենց հետ ինչ կլինի»:

Խոսելով անձնակազմի մասին՝ Մարիամը նշեց.

«Ճիշտ է՝ ես մի քիչ բարդ մարդ եմ, բայց աշխատում եմ կոնֆլիկտային իրավիճակներում չհայտնվել: Անձնակազմը շատ լավն է, բոլորն էլ իրենց գործը շատ լավ են կատարում: Այստեղ ռեժիսորը մտածում է որակի մասին, իսկ դա ողջունելու փաստ է ինձ համար: Ուրախ եմ, որ ունենք հիանալի երկու օպերատորներ, որոնց նյարդերը ես շատ եմ ուտում: Այս անձնակազմում աշխատելով՝ արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ընկերներ՝ ի դեմս Կարեն Ասլանյանի, Ժաննա Բուտուլյանի, Արման Խաչատրյանի, Էլեն Ազնավուրյանի, Էլեն Սարգսյանի, Սարգիս Եղիազարյանի: Ուրախ եմ, որ խաղում եմ պրոֆեսիոնալ դերասաններ Անի Պետրոսյանի, Սուրեն Առուստամյանի, Տիգրան Ներսիսյանի, Յուլյա Ֆինկի հետ, նրանցից շատ բան եմ սովորում:

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե Մարիամը թատրոնում աշխատելու մտադրություն չունի՞, պատասխանեց.

«Դա իմ ցավոտ թեման է: Իմ երազանքն է ընդունվել թատրոն, ունեմ ֆավորիտ թատրոններ, որոնք շատ եմ սիրում: Հիմա առաջնային նպատակներիցս մեկը հենց թատրոն ընդունվելն է: Ես դեռ սովորում եմ ԵԹԿՊԻ-ում, փոխադրվել եմ չորրորդ կուրս, հույսով եմ՝ նպատակներիս կհասնեմ: Աստված ինձ հետ է, ես շատ մեծ հավատ ունեմ և վստահ եմ, որ իմ կյանքում ամեն ինչ՝ սկսված անձնականից, մինչև կարիերա, լավ է լինելու. Ես դուխով աղջիկ եմ»:

loading...