Սննդակարգը, որի հիմքում օմեգա-3 ճարպաթթուների մեծ պարունակությամբ մթերքներն են, կօգնի քաղցկեղի կանխարգելմանը: Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, վկայակոչելով ԱՄՆ Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականների հետազոտությունը, սննդի մեջ այս մթերքների օգտագործումը կարող է կանգնեցնել չարորակ ուռուցքների աճն ու տարածումը:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են օրգանիզմի վրա EDP-EA էդոկանաբինոիդային էպօքսիդների ազդեցության մեխանիզմները, որոնք ստեղծվում են օմեգա-3 ճարպաթթուների մետաբոլիզմի ժամանակ: Այս միացությունը ոչ միայն ոչնչացրել է քաղցկեղային բջիջները, այլև դանդաղեցրել է քաղցկեղային հյուսվածքների հետ կապված նոր արյունատար անոթների առաջացման պրոցեսը:
Սրանից զատ, EDP-EA էպօքսիդները ճնշել են արատավոր բջիջների միգրացիան: Գիտնականները հույս ունեն, որ այս հետազոտությունները կօգնեն օնկոհիվանդների մոտ մետաստազների զարգացման դեմ պայքարին: