Ողջ տարի դերասանուհի Անի Լուպեն սպասում է ամռանը, քանի որ այն նրա ամենասիրելի եղանակն է: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ երբեք չի հասկանում նրանց, ովքեր հիանում են ձմեռով, ուրախանում են, երբ ձյուն է գալիս:

«Ամռանը անգամ աշխատանքս եմ հաճույքով եմ անում, մի տեսակ տրամադրությունս ավելի բարձր է լինում, հաճույք եմ ստանում ամառային արևոտ  օրերից, նաև շատ եմ սիրում այն, որ լույսը շուտ է բացվում և ուշ մթնում»- պատմեց Անին:

Դերասանուհին հանգստի կմեկնի ամռան վերջին ամսին:

«Քանի որ մինչև հուլիսի վերջ Կամերային թատրոնում ներկայացումներ ունենք խաղալու, այդ պատճառով հանգստի կմեկնեմ օգոստոսին: Դեռևս չեմ որոշել, թե ում հետ և որտեղ, միայն  մի բան հստակ գիտեմ՝ որևէ ծովափնյա քաղաք կմեկնեմ, քանի որ ամառային հանգիստն ինձ համար միայն ծովով է ասոցացվում»,- նկատեց Անին՝ հավելելով, որ կցանկանար մեկնել Ֆրանսիա, սակայն երկար հանգիստ վերցնել չի կարող, ուստի այս անգամ որևէ այլ վայր կընտրի:

Չնայած իր ակտիվ տեսակին՝ ամառային հանգիստը Անին սիրում է անցկացնել ծովի ափին, նա կարող է ժամերով պառկել ծովափում ու արևայրուք ընդունել:

«Հիմնականում աշնանն եմ սիրում գնալ այնպիսի երկրներ, որտեղ ուսումնասիրելու շատ բան կա, իսկ ամռանը ես վայելում եմ վաստակածս հանգիստը: Իհարկե, ակտիվ եմ անցկացնում նաև այդ տեսակ հանգիստը, բայց դա պետք է լինի քաղաքից հեռու, օրինակ՝ որևէ կղզիում: Ես ճոխ հյուրանոցներ էլ չեմ սիրում, նախընտրում եմ ավելի շատ բնություն լինի, քան ճոխ-ճոխ շենքեր»,- նկատեց նա:

Հիշելով իր կյանքի ամենահիշարժան հանգիստը՝ Անի Լուպեն պատմեց.

«Տարիներ առաջ ես ու ընկերուհիս՝ Դիանա Հայրապետյանը, մեկնել էինք Եգիպտոս: Մենք ընդամենը մեկ շաբաթով էինք գնացել, բայց այնքան լավ անցավ, որ ընթացքում օրերը ավելացնելով՝ արդյունքում մնացինք 20 օր»:

Անիի համար շատ կարևոր է ճանապարհի ընկերը:

«Ես շատ ընկերներ ունեմ, բայց քչերի հետ կգնամ հանգստանալու: Ես հարմարվող ճանապարհի ընկեր եմ, բայց սիրում եմ, երբ խմբակային հանգստի ժամանակ ամեն մեկը ազատ է լինում իր նախընտրությունների մեջ. Յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ ուզում է, որովհետւ դա իր հանգիստն է»,- հավելեց նա:

Անի Լուպեն հասցնում է նաև Երևանում հանգստանալ՝ այցելելով լողավազաններ ու ժամանցի այլ վայրեր: Դերասանուհին հայաստանյան հանգիստը ևս շատ է սիրում:

«Ես շատ եմ սիրում Հայաստանում հանգստանալ: Շատ եմ սիրում մեր Սևանը և կապ չունի, որ աշխարհում կան հրաշալի ծովեր ու օվկիանոսեր»,- ավարտեց դերասանուհին:

loading...