Լոռամրգով թխվածքները շատ օրիգինալ տնական թխվածք են, որոնք կարող են հաճելի լինել ոչ միայն աչքի համար, այլ նաև՝ ստամոքսի: Դրանք ստացվում են շատ համեղ, թեթև և ախորժելի: Իսկ լոռամիրգը տալիս է հետաքրքիր թթվայնություն և արտասովոր երանգ:

Լոռամրգի փոխարեն կարելի է օգտագործել այլ հատապտուղներ, օրինակ՝ հաղարջ կամ ազնվամորի:

Լոռամրգով «ծաղկեպսակներ»

Բաղադրիչներ խմորի համար

Ալյուր – 500 գ

Թարմ խմորիչ – 25 գ

Կաթ կամ ջուր – 3/4 բաժակ

Շաքարավազ – 2 ճ/գ

Հավկիթ (մեծ) – 2 հատ

Կարագ – 60 գ

Աղ – 1/2 թ/գ

Բաղադրիչներ միջուկի համար

Լոռամիրգ – 1 և 1/2 բաժակ

Շաքարավազ – 1/2 բաժակ

Նարնջի կեղև – 1-2 թ/գ

Պատրաստման եղանակը

Լուծել խմորիչը 1/2 բաժակ տաք կաթի կամ ջրի մեջ, հետո ավելացնել ալյուրի կեսը, խառնել և խմորը դնել տաք տեղ 1-2 ժամ:

2 ժամ անց խմորի մեջ լցնել մնացած հեղուկը, շաքարավազի և աղի հետ հարած հավկիթները և մնացած ալյուրը: Դրանից հետո խառնելով աստիճանաբար ավելացնել կարագը:

Հունցել խմորն այնքան ժամանակ, մինչև այն դառնա հարթ և չկպնի ձեռքերին: Խմորը ծածկել թաղանթով և դնել սառնարանը 2 ժամ:

Մինչև խմորը սառչում է, բլենդերում աղալ լոռամիրգը: Աղացած լոռամիրգը լցնել թասի մեջ, ավելացնել նարնջի կեղևը և շաքարավազը և եփել միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով՝ մինչև պնդանալը:

Խմորը հանել սառնարանից և գրտնակել 60×30 սմ չափի շերտի: Ուղղանկյան մակերևույթին տարածել միջուկը:

Ծալել խմորը հետևյալ կերպ. շերտի լայն մասի մեկ երրորդով ծածկել միջնամասը, իսկ հետո ծածկել մյուս եզրով: Արդյունքում՝ պետք է ստացվի 30×20 սմ չափի ուղղանկյուն ռուլետ:

Կտրատել ռուլետը 12 հավասար մասերի:

Յուրաքանչյուր շերտը պտտել 3-4 անգամ, տալ ծաղկեպսակի տեսք և ամրացնել ծայրերը: Թխել 12-15 րոպե նախապես 210 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստի և սառեցրած թխվածքների վրա շաքարի փոշի ցանել:

loading...