Դժվար չէ այս բաղադրատոմսով կակաչի սերմերով կեքս պատրաստել: Իսկ ավստրիական հանրահայտ «Mohngugelhupf» կեքսի այս բաղադրատոմսը համարվում է լավագույններից մեկը:
Բաղադրիչներ
Ձվի դեղնուց – 11 հատ
Ձու – 1 հատ
Շաքարավազ – 240 գ
Կարագ – 270 գ
Ալյուր – 75 գ
Օսլա – 75 գ
Փխրեցուցիչ – 1 թ/գ
Կակաչի սերմ – 100 գ
Կիտրոնի կեղև – 2-3 հատ
Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Կեքսի համար նախատեսված կաղապարն առատորեն պատել կարագով և ալյուրով, ավելորդ ալյուրը հեռացնել:
Թասի մեջ քերել 2-3 կիտրոնի կեղևը, դնել մի կողմ: Բլենդերի մեջ լավ մանրացնել 100 գ կակաչի սերմը: Աղացած կակաչի սերմին ավելացնել 75 գ ալյուր, 75 գ օսլա, մի պտղունց աղ և 1 թ/գ փխրեցուցիչ, խառնել:
Հարիչի թասի մեջ առանձնացնել 11 ձվի դեղնուցը, սպիտակուցը դնել մի կողմ. այն պետք չի գալու այս բաղադրատոմսում: Դեղնուցներին ավելացնել 1 հատ ձու:
Հարել, ավելացնել 240 գ շաքարավազը: Շարունակել հարել՝ մինչև սպիտակ և փարթամ զանգված ստանալը:
Ստացված զանգվածի մեջ ավելացնել կիտրոնի քերած կեղևը և մաղել կակաչի սերմի, ալյուրի և օսլայի խառնուրդը: Խառնել մեկ ուղղությամբ՝ մինչև համասեռ զանգված ստանալը:
Ավելացնել 270 գ հալեցրած կարագը (այն տաք չպետք է լինի): Խառնել մեկ ուղղությամբ այնքան ժամանակ, մինչև կարագը լրիվ խառնվի խմորի հետ:
Կակաչային կեքսը թխել նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցում, 50-60 րոպե:
Պատրաստի կեքսը թողնել, որ սառչի կաղապարի մեջ, հետո հանել, թողնել սառչի մինչև վերջ և մատուցել: