Ստեփան Ղամբարյանը, Սոս Ջանիբեկյանն ու նրանց ընկերները նոր բիզնես ունեն. Օրերս քաղաքի կենտրոնում՝ Աբովյան 3/1 հասցեի երկրորդ հարկում բացվել է երևանյան կոլորիտով նոր ժամանցի վայր, որը կոչվում հենց այդպես՝ «Երկրորդ հարկ»: Նոր բիզնեսի մասին Life.panorama.am-ը զրուցել է դերասան Ստեփան Ղամբարյանի հետ:

«Ես ու Սոսը շատ մտերիմ ենք, մեր պարագայում ընկերներ բառը մի քիչ թույլ է թվում՝ մենք ավելի շատ ենք, քան ընկերները, քան եղբայրները: Հենց այդ հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ երբ Սոսն առաջարկեց միասին աշխատել մեր ոլորտից դուրս, ես մեծ սիրով ու վստահությամբ համաձայնեցի: Ասեմ, որ «Երկրորդ հարկի» գաղափարը հենց Սոսինն ու մեր մյուս ընկերներինն է եղել, ինձ այդ գործընթացի գրեթե ավարտին Սոսն առաջարկեց միանալ իրենց, իսկ ես վաղուց ունեի գաղափար սեփական բիզնես ունենալու, արդյունքում՝ մեր ցանկությունները համընկան և ես էլ միացա նրանց»,- պատմեց Ստեփանը:

Ի դեպ՝ սրճարանի սեփականատերերը շատ են, հայտնի են միայն Սոսը, Ստեփանը և ռեժիսոր Գրիգ Վահրամյանը: Սա ընկերական բիզնես է:

«Մենք ընկերներով, քյասիբներով ստեղծեծինք հրաշալի մի վայր, որը, կարծում եմ, կդառնա երևանցու ամենասիրելի վայրերից մեկը»,- նկատեց նա:

«Երկրորդ հարկում» այցելելով՝ մարդիկ կարող են լավ երաժշտություն լսել, ինչպես նաև գնել հայկական բրենդների իրեր: Սկզբում տղաները մտադրություն են ունեցել նաև սրճարանի ներսում գրախանութ բացել, սակայն տեղանքի փոքր լինելու պատճառով դա դեռևս անկատար է մնացել: Ստեփանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ ապագայում այդ բացը կլրացվի, որպեսզի մարդիկ կարողանան ոչ միայն գրքեր գնել, այլև սրճարանում լինելու ընթացքում ընթերցանությամբ զբաղվել, հետո տվյալ գիրքը վերադարձնել գրախանութ:

«Աբովյան 3/1 հասցեում գտնվող այս շինությունը ինքնին երևանայն պատմամշակութային արժեքներից մեկն է, այստեղ մենք ինտերիերը ձևավորել ենք հենց երևանայն կոլորիտին, երևանցուն համահունչ: Մենք, երևանցի լինելով, հավատարիմ ենք մնացել երևանցուն, և փորձել ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ երևանցին իրեն իր ափսեում կզգա:

Մեր թիմում են նաև շատ տաղանդավոր նկարիչներ, օպերատորներ, Վինիլի մասնագետներ, որոնց մասնագիտական գիտելիքների շնորհիվ նաև արվեստի հետաքրքիր շունչ կա «Երկրորդ հարկում»: Այնպես որ, մեզ մոտ այցելելով, կարելի է լավ երաժշտություն լսել, վայելել համեղ ուտեստներ և զգալ հին ու նոր երևանյան շունչը»,- հավելեց դերասանը:

Հարցին, թե ըստ Ստեփանի, նրա և Սոսի հայտնի լինելու հանգամանքը բիզնեսին կօգնի՞, պատասխանեց.

«Անշուշտ, մեր հայտնի լինելու հանգամանքը իր դրական ներգործությունը կունենա: Մարդիկ, ովքեր մեզ սիրում են, կգան մեզ մոտ նաև մեզ հետ շփվելու համար, բայց ոչ միայն դրա համար, մեկ անգամ գալով՝ նրանք կունենան իրենց փոքրիկ անկյունը: Մեր ընկերներն էլ հաճախ են «բողոքում», թե քիչ ենք հանդիպում, ուստի սա շատ լավ առիթ է գալ ու միասին լավ ժամանակ անցկացնել»:

Ստեփանը նախկինում բիզնեսով երբեք չի զբաղվել, առաջին փորձը դերասանը արել է վստահ, թեև խոստովանում է՝ միշտ էլ յուրաքանչյուր բանի սկիզբ վախեցնող է, բայց պետք չէ վախենալ, պետք է քայլ անել, որպեսզի հասնել նպատակներին:

loading...