Շուտով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա նոր ներկայացմամբ, որում գյումրեցի դերասաների հետ միասին հանդես կգան նաև Հրանտ Թոխատյանը և դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Life.panorama.am-ը զրուցել է վերջինիս հետ՝ ներկայացման, իր կերպարի և այլ մանրամասների մասին:
«Առաջարկը ստացել եմ Տիգրան Վիրաբյանից: Գնացի Գյումրի, զրուցեցի պիեսի ռեժիսորի՝ Լյուդվիգ Հարությունյանի հետ, որից հետո արդեն պրն. Թոխատյանի հետ միասին սկսվեց մեր համատեղ աշխատանքային գործընթացը»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Վերջինիս խոսքով իր կողմից առաջարկն ընդունելու ամենակարևոր պատճառը պիեսի՝ Գյումրում թատրոնում բեմադրվելը և ներկայացվելն էր.
«Անկեղծ եմ ասում, առաջին հերթին ուշադրություն եմ դարձրել այն փաստին, որ պիեսը պետք է բեմադրվեր Գյումրու թատրոնում: Ինձ համար մեծ ուրախություն է խաղալ այս թատրոնում, քանի որ այն պատմական է, ինչպես նաև ուրախ եմ, որ խաղալու եմ հենց Գյումրու հանդիսատեսի համար: Սա պարտավորեցնող, և, միևնույն ժամանակ, շատ հաճելի հանգամանք է ինձ համար: Գյումրեցիները թատրոնի ժողովուրդ են, ունեն թատրոնի ճիշտ ընկալում, բայց նաև շատ պահանջկոտ են: Չմոռանամ նաև իմ խաղընկերներին, ովքեր, բացի Հրանտ Թոխատյանից, տվյալ թատրոնի դերասաններն են: Նրանք բոլորն էլ շատ հյուրընկալ և ջերմ մարդիկ են»,- նկատեց Ռոզի Ավետիսովան:
Խոսելով ներկայիս բուն աշխատանքային գործընթացից՝ դերասանուհին նշեց, որ որոշակի բարդություններ, այնուամենայնիվ, կան, սակայն իր համար կարևորն այն է, որ բոլոր դերասաններն արդեն հասցրել են մտերմանալ միմյանց հետ:
Ռոզին տեղեկացրեց, որ ներկայացման անվանումը դեռևս հստակ չէ, բեմադրված է Ալեն Ռեյնո Ֆուրտոնի «Մսյե Ամադեյ» կատակերգության հիման վրա:
«Ներկայացման հերոսը ծեր մարդ է, ով միայնակ է ապրում, քանի որ կինը մահացել է: Եվ նրա կյանքում շատ պատահաբար հայտնվում եմ ես, ինչի արդյունքում ամեն ինչ փոխվում է: Իսկապես շատ հետաքրքիր ներկայացում է՝ ուղեկցված զավեշտալի տեսարաններով: Իսկ ինչ վերաբերում է ավարտին, ապա, կարծում եմ, որ այն կլինի Happy End»,- ասաց Ռոզի Ավետիսովան, ապա անդրադարձավ բուն թատրոնին.
«Այս թատրոնում կա ճիշտ, երիտասարդ մտածողություն, որն ուղղակի ապրեցնում է: Այս հանգամանքը բացակայում է մայրաքաղաքի գրեթե բոլոր թատրոններում: Մեր թատրոնների մեծամասնությունը, կարելի է ասել, հոգևարքի մեջ են»,- նկատեց դերասանուհի Ռոզի Ավետիսովան: