Մանրածախ առևտրի և արագ սննդի կետերում արդյունաբերական վերամշակման համար նախատեսված միս է իրացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Արդյունաբերական վերամշակման համար միսը պետք է անպայման ջերմային մշակում անցնի: Այն օգտագործվում է հիմնականում երշիկեղենի և պահածոների մեջ: Մինչդեռ, անբարեխիղճ ներմուծողների և վաճառողների պատճառով տեխնիկական հավի միսը առանց որևէ պիտակավորման բաց վաճառվում է սուպերմարկետներում և արագ սննդի կետերում, հիմնականում՝ ֆարշի տեսքով: Ստացվում է, որ վերջնական սպառողը տեղեկացված չէ վաճառվող ապրանքների իրական որակի մասին:

Փորձագետի խոսքով՝ տեխնիկական մսի վաճառքը մանրածախ առևտրում իրականացվում էր նաև մինչ այս, սակայն վերջին ժամանակներս վաճառքի ծավալները զգալիորեն աճել են: Դա պայմանավորված է նրանով, որ վերջին երկու տարվա ընթացքում կառավարությունն անընդհատ հետաձգում է մանրածախ առևտրի օբյեկտներում ստուգումներ անցկացնելու որոշումը: Առանց այդ որոշման, Սննդամթերքների անվտանգության պետական ծառայությունը լիազորված չէ ստուգումներ իրականացնել:

«Ձեռքերի ճկունություն, և ոչ մի խաբեություն». առևտրի կետերը էժան հավի միսը թանկ վաճառելու պարզ ճանապարհ են գտել: Ստեփանյանը պատմեց, որ դրա համար սառեցված հավի միսը արդեն տեղում առևտրի օբյեկտների աշխատակիցների կողմից բաժանվում է թևիկների, դոշի և այլ: Արդյունքում, երկրորդ սորտի հավի միսը վաճառվում է թարմ սառեցված մսի գնով: Բացի այդ, ըստ տեխնիկական կանոնակարգերի, սուպերմարկետները իրավունք չունեն ամբողջական հավը մասերի բաժանել:

Ստեփանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում վատ որակի հավի մսի վաճառքի հետ կապված իրավիճակը սրվել է այս տարվա հունվարից, երբ աճել են «Ռեսուրս» և «Կուռնիկով» ապրանքանիշերի հավի մսի ներմուծման ծավալները: Օրինակ, «Կուռնիկով»-ի դեպքում 1400 գրամ հավի մսին 250 գրամ սառույց է բաժին ընկնում: Ընդ որում, «Կուրնիկով» հավի մաքսազերծումը միայն 480 դրամ է մեկ կիլոգրամի համար, մինչդեռ էժան բրազիլիական հավի մսի ինքնառժեքը կազմում է 85 ցենտ:

Միայն 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում «Կուռնիկով»-ը Հայաստան է ներմուծել 683 տոննա հավ: Երևանի խանութներում այս արտադրողի մեկ կիլոգրամ մսի գինը 850 դրամ է: Ընդ որում, ընթերցել պիտակի վրա գրված տեքստը դժվար խնդիր է, քանի որ ողջ տեղեկությունը միտումնավոր ձևով տպված է մանր տառերով:

Հայաստան հավի ներմուծումը տարեկան աճում է 4-8 տոկոսով, և տեղական արտադրողները իջեցրել են գները: Այսօրվա դրությամբ, տեղական թարմ սառեցված հավի մսի արժեքը 1100 դրամ է մեկ կիլոգրամի դիմաց:

«Հավի միսը միակ ապրանքն է, որի արժեքը Հայաստանում 2014 թվականից անընդհատ նվազում է` 1450 դրամից մինչև 1100 դրամ՝ մեկ կիլոգրամի համար»,- հայտնեց Ստեփանյանը:

Նրա խոսքով, Հայաստանում հավի մսի ներկրմամբ զբաղվում են շուրջ 30 ընկերություններ։

Դրա հետ մեկտեղ սուպերմարկետների ցանցի մեծամասնությունը նույնպես սկսել է զաբղվել հավի մսի ներկրմամբ․ «Այսօրվա դրությամբ մենք նկատում են մսի կեղծմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց աճ»,- շեշտեց նա։

Հիմնականում հավի միսը ներկրվում է Ռուսաստանից։ Փորձագետը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում հավի մսի ներկրման ժամանակավոր արգելք չի սահմանվել այն շրջաններից, որտեղ վերջին ժամանակներս գրանցվել է թռչնագրիպի բռնկումներ։ Խոսքը Դոնի Ռոստովի և Սարատովի մասին է։

Ուրեմն ինչպե՞ս սպառողը պաշտպանի իր իրավունքները։

Փորձագետի կարծիքով՝ դա բավականին հեշտ է՝ պետք է միայն առևտրի ցանցերում խնդրել մսի վկայագիր ներկայացնել և մանրամասն ուսումնասիրել մակնշումը։ Այդպիսով, գնորդը կստանա ամեն անհրաժեշտ տեղեկություն արտադրող երկրի, մսի տեսակի, պահպանման ժամկետների մասին։Իրավիճակի պարզաբանման համար NEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել Սսննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ։ Նա, մասնավորապես, նշեց, որ ՀՀ ներկրվող միսը սահմանին ՍԱՊԾ կողմից ստուգում է անցնում։

«Այսօրվա դրությամբ, ոչ մի խախտում չի բացահայտվել։ Խանութներում առանց ներկրման տեղեկությունների հավի մսի վաճառքի ահազանգերի մասին ՍԱՊԾ տեսուչները տեղյակ են։ Եթե այդ տեղեկությունը հաստատվի, ՍԱՊԾ-ն կանցկացնի համապատասխան մոնիթորինգ կամ ստուգումներ, ընդ որում՝ դրա համար կառավարության համապատասխան որոշումը պարտադիր չէ։ Այսպիսի դեպքերում առաջնային խնդիրն է այն ուղիների պարզաբանումը, որի միջոցով հավի անորակ միսը հայտնվել է վաճառասեղանին, ինչպես նաև ինչպես է այդպիսի միսը հատել սահմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ն սահմանին մշտական մոնիթորինգ է իրականացնում, և որ այդպիսի միսը Հայաստանում կարող էր հայտնվել միայն կողմնակի ուղիներով։

Տեխնիական մսի վաճառքի առումով Հարությունյանն ընդգծեց, որ այն առողջության համար վնաս չի ներկայացնում, քանի որ համապատասխանում է անվտանգության կանոններին։

Խոսելով թռչնագրիպի մասին՝ նա մատնանշեց, որ այդպիսի իրավիճակներում ներկրողներն իրենց կողմից նույնպես իրենց ապրանքների տարածման ժամանակավոր արգելքի մասին որոշում են կայացնում։

loading...