Վերջերս շատ է քննարկվում Սևանա լճի ջրի կանաչ գույն ստանալը կամ «ծաղկելը»՝ պայմանավորված կապտականաչ ջրիմուռների բուռն զարգացմամբ: Արդյո՞ք այդ ջրիմուռները վտանգավոր են մարդու առողջության համար։ Այս հարցին ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Ինչպես նշում են կենտրոնի մասնագետները, ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ամբողջ աշխարհում, հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։

Կապտականաչ ջրիմուռների որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց վրա բացասական ազդեցություն ունեցող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու կամ դրանում լողալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են առաջ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, ինչպես նաև ցան բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Առողջության պահպանման նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հորդորում են՝

. չլողանալ կանաչ կամ «ծաղկած»ջրում,
. արգելել երեխաներին լողանալ չթույլատրված վայրերում,
. վերը նշված ախտանիշների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

loading...