Երգչուհի Նարի Հարությունյանն ու երգիչ Րաֆֆի Ալթունյանն այս օրերին նոր երգ ու տեսահոլովակ են պատրաստում. «Սիրելիս» երգը ծնվել է երկու քույրիկների ցանկությամբ ու նվերի տեսքով մատուցվել իրենց ծնողներին:

«Առաջարկը ստացա մի գեղեցիկ ընտանիքից, ում ցանկությամբ գրվել էր նաև «Գանձս» երգն ու նկարահանվել վերջինիս տեսահոլովակը: Քանի որ իրենք իմ երգերի մեծ երկրպագուն են, որոշեցին մեկ երգ էլ նվիրել իրենց ծնողներին: Խնդրեցին, որ երգը լինի հենց ծնողների կյանքի մասին, խորիմաստ բառերով ու գեղեցիկ երաժշտությամբ, քանի որ իրենց ծնողները խստապահանջ են ու սիրում են որակյալ երգեր»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգչուհին:

Որոշվեց՝ երգը պետք է զուգերգի տեսքով հնչի, երգչի ընտրության կարևորագույն գործն էլ վսահվեց Նարիին:

«Քանի որ Րաֆֆին մեր ակումբում է աշխատում, ու ես գրեթե ամեն օր լսում եմ նրա կատարումներն ու գիտեմ՝ շատ գեղեցիկ ու հոգով է կատարում, ցանկացա, որ հենց նա ինձ հետ երգի այդ երգը: Ես և Րաֆֆին միշտ մտածում էինք միասին երգ գրել, ու հիմա ոչ միայն միասին գրեցինք «Սիրելիս»-ը, այլև՝ միասին կատարում ենք այն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նարի Հարությունյանը խոստովանում է՝ իր համար այս երգը շատ պատասխանատու աշխատանք էր, քանի որ ամեն ինչ իրեն էր վստահվել: Ու երբ աշխատանքը պատրաստ էր ու եկել էր այն հանձնելու ժամանակը՝ փոքր-ինչ լարվածություն էր զգում:

«Երբ եկավ այն պահը, որ պետք է երգը լսեին ու գնահատեին երկու քույրիկների ծնողները, բոլորս սրտատրոփ սպասում էինք, թե ինչ արձագանք կտան: Ի ուրախություն մեզ՝ նրանք այս երգը ոչ միայն շատ սիրեցին, այլև ուրախությունից ու երջանկությունից արտասվեցին»,-հուզմունքով պատմեց նա:

Րաֆֆի Ալթունյանն էլ նկատեց՝ Նարիի հետ զուգերգով հանդես գալու առաջարկը սիրով է ընդունել: Վստահեցնում է՝ շատ գեղեցիկ ու մեղեդային, սիրո խոստովանության պես մի երգ է ստացվել, որն իր նպատակին ծառայել է:

«Երգի ձայնագրությունը հավանության արժանանալով՝ նաև տեսահոլովակի անհրաժեշտություն առաջացավ, ինչն էլ օրերս իրականացրեցինք: Կարծում եմ՝ տեսահոլովակն էլ մարդկանց անտարբեր չի թողնի, հետաքրքիր ու գեղեցիկ պատմություն է»,-նշեց երգիչը:

Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հովակիմյանն է, պրոդյուսերը Վահագն (Դելո) Ստեփանյանը:

Այն նկարահանվել է իրական պատմության հիման վրա:

loading...