Ի՞նչն է զրույցի ընթացքում մատնում ստախոսին:
Այստեղ գրեթե նույն նախանշաններն են, ինչ սթրեսի ժամանակ: Ի հայտ են գալիս քրտինքի կաթիլներ, հատկապես՝ վերին շրթունքի վրա կամ ճակատին, բերանում՝ չորություն, անընդհատ ջուր խմելու ցանկություն: Սուտ խոսող մարդը շրթունքների չորության պատճառով շարունակ լպստում է դրանք, բիբերը նեղանում են, շնչառությունը ծանրանում է, արտաշնչելն աղմկոտ է, ներշնչելը՝ խորը: Փոխվում է դեմքի գույնը. դեմքը դառնում է կամ կարմիր, կամ գունատ, կամ պատվում է գծերով: Սկսում են ձգվել դեմքի մկանները, հատկապես՝ կոպերի, բերանի անկյունի, հոնքերի ծայրերի հատվածներում: Բերանը ծռվում է, շրթունքները լարվում են, մարդը սկսում է կամ կծոտել, կամ փչել դրանք: Մարմինը դող է ընկնում, ձայնը դողում է, հաճախակի է դառնում աչքերը թարթելը, անընդհատ զուգարան գնալու ցանկություն է առաջանում, մարդը սկսում է հորանջել: Սրտխփոցը հաճախանում է, ինչը հանգեցնում է արյան պուլսացիայի պարանոցի, ճակատի, քունքերի և քներակի անոթներում: Մարդը սկսում է կակազել: Սկսվում է նյարդային հազ, և կորչում է ձայնի տոնի ու տեմբրի նկատմամբ վերահսկողությունը:
Բարձր տեմբրն ու ձայնը վկայում են մարդու լարվածության ու սթրեսի առկայության մասին, իսկ ցածրը կարող է դիմացինի զգոնությունը թուլացնելու փորձ լինել: Արագ խոսքը ոչ անկեղծ լինելու նշան կարող է լինել, շատ ցածր ձայնը կամ կտրուկ տոնը մատնում է մարդու վախը: Մարդը սկսում է թուքը հաճախ կամ ուժեղ կուլ տալ:
Երբ մարդը ստում է, սովորաբար հուզվում է: Փորձելով տիրապետել հուզմունքին՝ նա ակամայից անգիտակցաբար կատարում է անկանոն, չիմաստավորված գործողություններ: Ստախոս մարդը չի կարողանում հանգիստ մի տեղում նստել, մատներով խաղում է հագուստի փեշի հետ, նրա վրայից փոշին թափ տալիս, տրորում է ձեռքերը, ձեռք է տալիս գլխին, ուղղում է մազերը, հպվում է դեմքի զանազան մասերին, ինչ-որ առարկա է գտնում ու խաղում հետը, ուղղում է օձիքը կամ ժամացույցը, կապում կամ քանդում է կոշիկների թելերը, չի կարողանում թաքցնել ծնկների դողը, թուլանում է, կծոտում շուրթերը կամ կրծում եղունգները, ինտենսիվ ծխում է, խուսափում զրուցակցի հայացքից կամ, ընդհակառակը, սևեռուն կերպով նայում նրա աչքերի մեջ, հայացքը գետնին խոնարհած՝ ուժեղ տրորում է մի աչքը, ոտքը շարժում, և այլն:
Մարդու ոչ անկեղծ լինելու մասին կարող են վկայել նաև նրա դեմքի արտահայտության ակնթարթային փոփոխությունները, ժեստերի ու բառերի միջև անհամաձայնությունը, բացասական պատասխանների դեպքում գլուխն այս ու այն կողմ տանելը, հոնքերի մռայլվելը կամ վեր բարձրանալը, գլուխը կախելը, ոտքը մեկից մյուս ոտքին գցելը, ոտքով գետնին խփելը, ծնկները ծալելը կամ միմյանց մոտեցնելը, ձեռքերը թաքցնելը կամ նրանց անկանոն շարժումները, ձեռքերով ինչ-որ տեղից բռնվելը կամ մի բան պահելը ձեռքում, ձեռքերը տրորելը, քթի քոր գալը՝ հատկապես խոսակցության ընթացքում, հաճախակի անտեղի ժպտալը, զրույցի ընթացքում ձեռքերով բերանը փակելը, ձեռքեր կրծքին կամ ոտքերն աթոռի տակ խաչելը:
Զրուցակցի սուտը կարող են մատնել հետևյալ արտահայտությունները, բառերը, պատասխաններն ու խոսքի մյուս առանձնահատկությունները: Դրանցից են՝ երդվում եմ, ազնիվ խոսք, չգիտեմ, ձեռքս կկտրեմ, երդվում եմ, որ այդպես չի եղել, և այլն:
Իսկ երբ մարդն ակհնայտորեն խուսափում է որոշակի թեմաների կամ հարցերի քննարկումից, ստի ամենատարածված բառային դրսևորումն է: Օրինակ, ես չեմ կարող հիշել, ես այդպիսի բան չեմ ասել, ես դա չեմ քննարկելու, որևէ կապ դրա մեջ չեմ տեսնում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես չեմ ցանկանում ձեզ հետ խոսել, պարտավոր չեմ պատասխանել ձեր հարցերին, այո կամ ոչ բառերից խուսափելը, վստահ չեմ, ոչինչ այդ մասին չգիտեմ, և այլն:
Փորձը ցույց է տալիս, որ անկեղծ մարդն աշխատում է շատ խոսել ու պնդել իր անկեղծ լինելը, եթե զգում է, որ դիմացինը կասկածում է: Իսկ ուղիղ հարցերին անտարբեր, խուսափողական պատասխաններ տալը նորմալ վարքագծի հասկացության մեջ չի տեղավորվում: Այդ պատասխաններն այն բանի վկայությունն են, որ զրույցի ընթացքում մարդու համար ավելի ու ավելի դժվար է ստելը:
Սուտ խոսող կամ ոչ անկեղծ մարդուն են մատնանշում նաև անհամարձակությունը, զրուցակցին անվերջ, չլռող խոսակցություններով կամ հարցերով շեղելը, տրվող հարցերին պատասխաններ չտալը կամ դժկամորեն պատասխանելը, պատասխան տալուց առաջ երկար դադարը, հարցերին դանդաղ կամ խճճված պատասխանելը, հարցին՝ հարցով պատասխանելը, հարցը բարձրաձայն կրկնելը, և այլն:
Եթե դուք ինչ-որ հանգամանքներ եք ուզում պարզել, փորձում եք հասկանալ՝ զրուցակիցը մեղավո՞ր է, թե՞ ոչ, պետք է նկատի ունենաք, որ անմեղ մարդը կարող է կասկած արտահայտել, ձեր նկատմամբ անվստահություն ցուցաբերել՝ գործի հանգամանքները պարզելու ընթացքում, սակայն՝ հակառակ գործողություններ չանելով:
Ազնիվ մարդը հիմնականում տալիս է սպառիչ ինֆորմացիա՝ բոլոր մանրամասներով, անգամ գործի հետ կապ չունեցող տվյալներ է ասում, անընդհատ աշխատում է ընդհատել ձեզ իր բացատրություններով, սկսում է ակտիվորեն պաշտպանվել՝ նախքան իրեն կկասկածեն կամ ինչ-որ բանում կմեղադրեն:
Ձեր զրուցակցի ստի մասին են խոսում նրա վարքագծի հետևյալ առանձնահատկությունները՝ իրավիճակի համեմատ ոչ համապատասխան վարքագիծը, ընկերասիրության չափազանցված ցուցադրությունը, երկրորդական մանրուքների վրա նրա կենտրոնանալը, դժկամության բարձրաձայն արտահայտելը, աննշան բաներից զայրանալը, ընտրովի մոռացկոտությունը, անուշադրությունը, վարքագծի նկատելի փոփոխությունը՝ հանգիստ վիճակից՝ հուզված, գրգռված, կատաղած վիճակի, վատ ինքնազգացողության մասին արտահայտությունները, բժշկական օգնություն խնդրելը, որը, բացի իրական լինելուց, կարող է նաև խոսակցությունը շեղելու համար արվել:
Ընդհանուր առմամբ սուտը բացահայտելուն ուղղված ակտիվ գործողությունների կարգը կարող է լինել հետևյալը՝ տալ ուղիղ հարցեր՝ ուղիղ դիմացինի աչքերի մեջ նայելով, և հետևել նրա արձագանքին, ցույց տալ, որ չեք հավատում նրա ասածին, օգտագործել խոսքային, դիմախաղային և այլ հնարքներ: Զրուցակցի վրա հոգեբանական ներգործության միջոցներ կիրառելու հնարքներին կարելի է դասել հետևյալները՝ ձեր զրուցակցին շատ մոտ նստելը, այնպես չէ՞, ճիշտ չէ՞ և նման այլ արտահայտություններ օգտագործելը, համապատասխան ձևով կահավորված սենյակում զրույց վարելը, ոչ շատ լուսավոր սենյակում խոսելը, և այլն: