Տապալված ասուլիսի վերաբերյալ հայտարարությամբ քննադատելով նոր իշխանությանը իր խոսքի ազատությունը սահմանափակելու համար (տպավորություն է ստեղծվում, թե հայտարարությունը գրված է եղել դեռևս այն ժամանակ, երբ փոստային հաղորդագրությունը տեղի էր ունենում աղավնիներով), երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը բավականին նուրբ երանգով մեջբերել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքը, թե Հայաստանում «մտքի տեռոր» է: Թե որքանով է Հայաստանում «մտքի տեռոր»՝ թերևս կասեն Հրանտ Մարգարյանի այն կուսակիցները, որոնք պաշտոններ ունեն գործադիր իշխանության կազմում՝ նոր կառավարության հետ քաղաքական համաձայնության արդյունքում:
Փաստորեն, քաղաքական ուժը կարող է մի կողմից՝ լինել կառավարության հետ քաղաքական համաձայնության մաս ու տնօրինել պաշտոններ, մյուս կողմից՝ առանց որևէ քաղաքական հետևանքի դիրքավորվել քրեական գործով անցնող և մեղադրվողի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանի «քաղաքական պաշտպանության խրամատներում»: Եվ այդ զուգորդումը՝ առանց քաղաքական հետապնդման, առանց պաշտոնները թողնելու վերջնագրի իրականացնող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարում է, թե Հայաստանում «մտքի տեռոր» է: Դա՝ իմիջիայլոց, որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչքան է հեռու այդ բնորոշումը իրականությունից:
Դա վկայում է, որ Դաշնակցությունն է կորցրել իրականության զգացումը, կամ՝ Դաշնակցության ղեկավար որոշ շրջանակներ, որոնք Ռոբերտ Քոչարյանից ստանում են բավականին նուրբ, բայց նկատելի առաջարկ: Հրանտ Մարգարյանի բնորոշման մեջբերումը ամենևին պատահական կամ զուտ գեղարվեստական հիշատակում չէ, առավել ևս՝ նկատի ունենալով այն, որ երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունն այլ բան չէր, քան քաղաքականության հայտ: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ հայտի մեջ ակնարկ-առաջարկ անելով ՀՅԴ առնվազն մի մասին՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանը նաև որոշակիորեն տարածություն է ստեղծում իր ու ՀՀԿ-ի միջև:
Բանն այն է, որ Քոչարյանի գրասենյակը հայտարարում է ընդդիմախոսներին ճնշելու մասին, որ, գրասենյակի բնորոշմամբ, անում է իշխանությունն իր քաղակտիվիստների միջոցով՝ տապալելով ասուլիսը: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը անելու է ամեն ինչ, բռնվելու է անգամ ամենաբարակ ճյուղից, որի օգնությամբ հնարավոր կլինի ներկայանալ քաղաքական հետապնդման ֆոնով: Երկրորդ նախագահի համար դա թերևս միակ շատ թե քիչ կենսունակ խաղաքարտը կարող է լինել դաշտում ինչ-որ կերպ հաստատվելու համար:
Միևնույն ժամանակ, Քոչարյանը փաստորեն հայտարարում է, որ ինքն է ընդդիմությունը, ոչ թե Հանրապետականը, ինչպես հայտարարում էր ՀՀԿ-ն իշխանափոխությունից հետո: Մեխանիկան պարզ է՝ ինձ հալածում են, ուրեմն ես ընդդիմություն եմ: Իսկ խնդիրն այն է, որ ՀՀԿ-ին իշխանափոխությունից հետո չեն հալածել: Ընդ որում, սա իհարկե փորձված մանիպուլյատիվ չափանիշ է, որ ներդրվել է դեռևս տարիներ առաջ՝ նախկին իշխանության ընդդիմությունների միջոցով: Նրանք էլ հայտարարում էին, որ ում հանդեպ իշխանությունը չի կիրառում ռեպրեսիա, ուրեմն այն կեղծ ընդդիմություն է: Հիմա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառվում է՝ իհարկե, ըստ Քոչարյանի գրասենյակի մեկնաբանության, իսկ ՀՀԿ-ի հանդեպ՝ ոչ: Հետևաբար գրասենյակը ասում է, որ ՀՀԿ-ն կեղծ ընդդիմություն է:
Այդ տարածությունը, որ ստեղծում է Քոչարյանը, հասկանալի է՝ ՀՀԿ-ն վարկաբեկված ուժ է, հետևաբար այն չի կարող լինել հիմնական հենարան: Հիմնական հենարանի համար Քոչարյանն ըստ երևույթին առաջարկում է Դաշնակցությանը: Սա իհարկե դժվար է համարել հեռանկարային քաղաքական նախագիծ, մյուս կողմից՝ նա ստիպված է ընտրել, այսպես ասած, եղածների մեջ, և այդ իմաստով Դաշնակցությունը թերևս ամենանախընտրելին է: Եթե, իհարկե, Դաշնակցությունն ընտրի Քոչարյանին:
Այստեղ հնարավոր է խնդիր՝ այն իմաստով, որ կուսակցության վերնախավը իհարկե ունի Քոչարյանի հետ գործակցության սերտ փորձն ու, այսպես ասած, կապակցվածությունը, մյուս կողմից՝ կա նաև նոր սերնդի խնդիրը, և այդ սերնդի հեռանկարի մասով հազիվ թե շահեկան լինի ներկայումս Քոչարյանի ոչ միայն հենարան, այլև ընդհանրապես սերտ գործընկեր ներկայանալը: ՀՀԿ-ին, ըստ ամենայնի, կվերապահվի սևագործ աշխատանքը: Կհամաձայնե՞ն հանրապետականները այդ առաջարկին: Բայց չհամաձայնելու դեպքում նրանք փաստորեն պետք է խաղան սեփական խաղը: Մինչդեռ ՀՀԿ-ն ծրագրել էր խաղալ ԲՀԿ-ի դեմ, ոչ թե Քոչարյանի: Դրանք տարբեր բաներ են, հատկապես, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չմիացավ Քոչարյանին և ավելի բարդացրեց ՀՀԿ-ի խնդիրը այդ առումով:
Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմություն լինելու հնարավորությունից զրկել է նաև «Բարգավաճ Հայաստան»-ին, ընդ որում՝ անկախ կուսակցության որևէ այլ որոշումից, եթե անգամ դա լինի ի վերջո նրան սատարելը կամ միանալը:
Քոչարյանի քաղաքական գործոնի այս գեներացիան իրականում խառնել է նախորդ համակարգի տարբեր սեգմենտների խաղաքարտերը, հակառակ այն տպավորության, թե մոբիլիզացրել է այդ սեգմենտին: Այդ սեգմենտը բնազդով մոբիլիզացվում է՝ գիտակցությամբ շատ լավ պատկերացնելով, որ մոբիլիզացիան տեղի է ունենում փոսում և պարզ չէ, թե ով ում մեջքին բարձրանալով է դուրս գալու փոսից, իսկ ով է մնալու այնտեղ:
Աղբյուրը՝ 1in.am