Elos էպիլացիան ի՞նչ է
Ժամանակակից կոսմետոլոգիան առաջարկում է մաշկի խնամքի և գեղեցկանալու բազմաթիվ նոր մոտեցումներ: Տարիներ և նույնիսկ դարեր շարունակ կանանց կողմից ամենապահանջված կոսմետոլոգիական պրոցեդուրաներից է համարվել մազահեռացումը: Ի թիվս առաջարկվող տարատեսակ մեթոդների, ներկայումս մեծ տարածում է ստացել նաև մազահեռացման Elos էպիլացիայի տարբերակը:
Մեթոդի էությունը
Մեթոդի հիմքում ընկած է ֆոտո- և լազերային էպիլացիաների համակացված էֆեկտը: Elos էպիլացիայի համար նախատեսված սարքը արձակում է IPL լայնաալիք իմպուլսային լույս և ռադիոալիքային երկբևեռ հոսանք (RF): Նման զուգակցված ճառագայթման արդյունքում տեղի են ունենում հետևյալ պրոցեսները՝
- Մազարմատին ուղղված էներգիան տաքացնում և քայքայում է մազի ֆոլիկուլը:
- Elos էպիլացիայի սարքն ուղղորդված ճառագայթման շնորհիվ թույլ է տալիս անվնաս պահել շրջակա մաշկը՝ կանխելով այրվածքն ու պիգմենտավորումը:
- Սարքն ունի մաշկի սառեցման համակարգ, որով կանխում է շատ բարձր ջերմաստիճանից առաջացող ցավը:
Մազահեռացման այս մեթոդը ապահովում է մազերի մանրակրկիտ, խնամքով և գրեթե անվնաս հեռացումը: Այն նաև նպաստում է շրջակա մաշկի խնամքին, ինչի շնորհիվ արդեն մի քանի պրոցեդուրայից հետո մշակվող շրջանի մաշկը դառնում է ավելի նուրբ և էլաստիկ:
Այս պրոցեդուրային հարկավոր է նախապես պատրաստվել՝
- Խուսափել արևայրութից 2 շաբաթների ընթացքում (և՛ բնական, և՛ արհեստական) ինչպես պրոցեդուրան իրականացնելուց առաջ, այնպես էլ՝ հետո:
- Անմիջապես նախօրեին հարկավոր է սափրել միջամտության ենթարկվող շրջանը:
- Կախված մազակալման տեսակից և շրջանից, հնարավոր է, որ կոսմետոլոգը նշանակի այլ մասնագետի խորհրդատվություն` մասնավորապես էնդոկրինոլոգի, մամոլոգի, գինեկոլոգի և այլն:
Ցուցումները՝
Մեթոդը ցուցված է ինչպես կանանաց, այնպես էլ տղամարդկանց, ովքեր ցանկանում են ազատվել անցանկալի մազերից մարմնի տարբեր հատվածներում: Elos -ի միջոցով հնարավոր է հեռացնել անցանկալի մազերը դեմքից, անութափոսերի շրջանից, բիկինիի հատվածից, ձեռքերից և ոտքերից, կրծքավանդակից ու մեջքից:
Այս մեթոդը գործնականորեն անվնաս է և ունի շատ մեծ տարածում բավականին լավ արդյունքների շնորհիվ: Սակայն ինչպես ցանկացած ապարատային միջամտություն, այն ունի նաև որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, որոնք կարևոր է իմանալ նախքան պրոցեդուրան իրականացնելը:
Հակացուցված է՝
- Հղիություն և կրծքով կերակրում
- Զարկերակային բարձր ճնշում` հիպերտոնիկ հիվանդություն
- Ռևմատիկ հիվանդություններ, որոնք ախտահարում են նաև մաշկը՝ կարմիր գայլախտ, սկլերոդերմիա և այլն:
- Նորագոյացություններ
- Մաշկային և ալերգիկ հիվանդություններ
- Արյան համակարգի հիվանդություններ
- Շաքարային դիաբետ
- Մետաղական իմպլանտների առկայություն
Ի՞նչ ակնկալել Elos էպիլացիայից
Ամբողջ կուրսն անցնլուց հետո, միջամտության ենթարկված հատվածի բոլոր ֆոլիկուլները կքայքայվեն և մազերի աճն այդ հատվածում լրիվ կդադարի: Արդյունքում կբարելավվի նաև մաշկի վիճակը՝ մաշկը կդառնա ավելի նուրբ և էլաստիկ, կվերանան սև կետիկները, տարբեր անհարթությունները: Անմիջապես պրոցեդուրայից հետո առաջացող հնարավոր կարմրությունը անցնում է ժամերի ընթացքում, առանց որևէ հետք թողնելու: Ընդհանուր առմամբ արդյունքները կախված են նաև իրականացված պրոցեդուրաների քանակից: Իսկ պրոցեդուրաների քանակը և տևողությունը որոշվում է անհատապես, սակայն կան որոշակի ընդհանուր դրույթներ:
Օրինակ՝
- Վերին շրթունքի կամ կզակի համար կպահանջվի ամենաքիչը 10 սեանս
- Անութափոսերի համար 3-4 սեանս (մոտ 15 րոպե տևողությամբ)
- Ոտքերի համար ամենաերկար պրոցեդուրան կարող է տևել մինչև 1.5 ժամ, իսկ բիկինիի շրջանի համար մինչև կես ժամ, ընդհանուր առմամբ մինչև 8 սեանս
Այսպիսով, Elos-էպիլացիան թույլ է տալիս առավելագույն անվնաս և անցավ հրաժարվել անցանկալի մազերից: Ընդամենը 5-10 պրոցեդուրայի արդյունքում հնարավոր է լինում լիովին վերացնել մազերի աճը և մեկընդմիշտ հրաժեշտ տալ ոսկային էպիլացիան, տարբեր մազահեռացնող սարքերին և իհարկե ածելիներին: