Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը Life.panorama.am-ին պատմել է Եգիպտոսում անցկացրած հանգստի, սիրելիի անակնկալի և առաջիկա անելիքների մասին:

«Անցող տարին ինձ համար չափազանց հագեցած էր, և չնայած ես միշտ սիրով եմ աշխատում, սակայն հանգստի կարիք իսկապես ունեի. Արձակուրդի ընթացքում կարողանում ես լիովին թոթափել տարվա ծանրաբեռնվածությունն ու հոգնածությունը և շատ դրական էներգիա հավաքել: Կարծում եմ՝ հանգստի ընթացքում մարդը ոչ միայն հանգստանում է, այլև նոր նպատակներ է կառուցում, հիմա ես մեծ նպատակներով վերադարձել եմ, ինձ շատ լիարժեք եմ զգում և պատրաստ եմ շատ ու արդյունավետ աշխատել»,- նշեց Մարիամը:

Դերասանուհին պատմեց, որ իսկզբանե սիրելիի և իրենց ընկերների հետ միասին որոշել էին մեկնել Եգիպտոս, սակայն վերջին պահին սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, չի կարողացել մեկնել:

«Եգիպտոսի ուղևորությունը Գոռի նվերն էր տարեդարձիս. որոշել էինք, որ միասին մի լավ հանգստանալու ենք, սակայն մեկնելուց չորս օր առաջ Գոռն ասաց, թե մի առաջարկ է ստացել, որի պատաճառով մեկնել չի կարող: Բնականաբար, ինձ մոտ իսկական շոկ էր, ինչ միասին ենք, մեկ օր անգամ չի եղել, որ իրար չտեսնենք: Անգամ օդանավակայանում ես անդադար հայացքով նրան էի փնտրում՝ հուսալով, որ ի վերջո նա կգա, բայց արդյունքում ես ստիպված եղա մեր ընկերների հետ միասին առանց նրա մեկնել: Հիմա անգամ չեմ կարող նկարագրել, թե ինչ բարդ մեկ օր ունեցա առանց Գոռի: Եգիպտոս հասնելու հաջորդ օրը ծովափում էի, մենակ քայլում ու տեսանկարահանում էի տարածքը, մեկ էլ հանկարծ հետևից լսում եմ անունս. Իհարկե, միայն ես գիտեմ, թե ինչ ինտոնացիայով է Գոռն անունս տալիս, պտտվեցի, նրան տեսա ու քարացա: Աչքերիս չէի հավատում, որ Գոռն այնտեղ էր, հետո բնականաբար գրկախառնություններ ու ուղիղ յոթ հրաշալի օրեր ունեցանք: Իհարկե, ես կցանկանայի յոթ օրվա փոխարեն 14 օր հանգստանալ, բայց մեկ է, միասին անցկացրած օրերը ինձ լիաթոք հանգստություն ու հաճույք պարգևեցին, և բնավ կարևոր չէր, մենք միասին Հայաստանում, թե Եգիպտոսում կհանգստանայինք, գլխավորը միասին լինելն էր ու վերջ»,- պատմեց դերասանուհին:

Մարիամ Ալեքսանյանը վստահ է՝ եթե մարդու ներաշխարհը խաղաղ չլինի, ապա նրան ոչ մի տեսակ հանգիստ չի օգնի: Անկախ վայրից՝ մարդու հոգին պետք է հանգիստ լինի: Դերասանուհին նկատեց, որ իր համար ամենասիրելի հանգստավայրը Ստեփանավանն է՝ իր ծննդավայրը:

«Ստեփանավանի հետ անասելի կերպ եմ կապված, այնտեղ են իմ ողջ հարազատությունը, ես այնտեղ լիարժեք հանգստանում եմ: Առհասարակ, կարծում եմ, մեր երկրի շատ վայրերում կարելի է հրաշալի հանգիստ կազմակերպել: Ես բնություն սիրող մարդ եմ, Հայաստանի բնությունը շատ յուրահատուկ է, պարզապես պետք է ինքներս մեզ թույլ տանք վայելել այն: Հիմա նպատակներիցս մեկը Արցախ գնալն է»,- հավելեց նա:

Հարցին՝ ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար է, դերասանուհին նկատեց.

«Երբեք այս հարցի շուրջ չեմ մտածել: Համաստեղությամբ երկվորյակ եմ, և կարծում եմ՝ դրանից ելնելով էլ իմ մեջ ասես երկու մարդ է ապրում: Հետևաբար ես և ակտիվ, և պասիվ հանգստի սիրահար եմ: Էությամբ էլ ես մեկ պասիվ եմ, մեկ՝ ակտիվ, դրա համար շատերին թվում է, թե ես նրանց հետ չեմ ուզում ընկերություն անել, կամ որ հաճախ եմ լսում վերջերս՝ «աստղայինն ինձ տարել է»: Այս անգամ հանգիստս շատ պասիվ անցավ, քանի որ մի տեսակ, վախենում էի Եգիպտոսում շատ շրջել»:

Մարիամը սիրում  է ճանապարհ գնալ հոգատար, ընկերասեր և բարի մարդկանց հետ:

«Ինձ հետ երբևէ չի պատահել այնպիսի դեպք, որ սխալ մարդկանց հետ գնամ հանգստի: Աստված երևի ինձ շատ է սիրել, որ տվել է հրաշալի բարեկամներ և ընկերներ, ու ամենակարևորը՝ այնպիսի տղամարդ, որոնց հետ ուղղակի գնալ սրճարան կամ տուն, դա արդեն հանգիստ է ինձ համար»,- նկատեց նա:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Մարիամ Ալեքսանյանը նշեց, որ նպատակներ ու ծրագրեր շատ ունի, բայց դրանց շարքում առաջինը թատրոն ընդունվելն է, որը հույս ունի՝ այս տարի կիրականանա:

loading...