Ռոբերտ Քոչարյանի գործոնն ակնհայտ կոնտրաստ է առաջացնում Հայաստանի քաղաքական կյանքում։ Հեղափոխության հաղթանակից հետո թերևս առաջին անգամ հակահեղափոխական ռևանշի ռիսկը տեսական մակարդակից վերածվում է քաղաքական իրողության։ Անկախ այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը չունի հանրային վստահության ռեսուրս և առայժմ թաքնվում է շուրջ երկու տասնյակ ցուցարարների հետևում, որ երեկ հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց, հենց երկրորդ նախագահն է՝ իր ֆինանսական ու մեդիառեսուրսներով, հավակնում գործող իշխանությանը հակադրվող բևեռի դերին։ Այս դեպքում այլընտրանք բառը չօգտագործեցինք միտումնավոր, որովհետև այն ենթադրում է երկրորդ բևեռ՝ քաղաքական, ինստիտուցիոնալ հարթությունների վրա, հատկանիշներ, որոնք սկզբունքորեն խորթ են Ռոբերտ Քոչարյանին։
Քոչարյանն ավելի շատ գծում է նոր ու հին Հայաստանների սահմանը՝ իր հայտով ձեռնոց նետելով հեղափոխությանը, փորձելով հասնել դրա արդյունքների չեղարկմանը։ Երկրորդ նախագահի սակավաթիվ կողմնակիցները, որոնք երեկ հավաքվել էին վարչապետի նստավայրի մոտ, չէին էլ թաքցնում, որ իրենց նպատակը նոր հեղափոխություն անելն է։ Քաղաքագիտության տեսանկյունից հեղափոխության դեմ հեղափոխություն անելն անհեթեթ է, տվյալ դեպքում՝ խոսքը հակահեղափոխության սպառնալիքի մասին է։ Բնականաբար, այս ամենի համատեքստում մեծացել է Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի քաղաքական նշանակությունը, ու պատահական չէ, որ երեկ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով մասնակցել հանրահավաքին։
Մյուս կողմից՝ քաղաքականության հիմնական գործիքը կուսակցությունն է, հատկապես՝ խորհրդարանական համակարգերում, որտեղ նախագահի ինստիտուտը չի ասոցացվում իշխանության հետ ու չի ենթադրում համաժողովրդական ընտրությունների անցկացում։ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կուսակցություն չունի, այլև, ըստ ամենայնի, հստակեցված չեն նրա հարաբերություններն անգամ հուլիսի 26-ից հետո իրեն սատարող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։
Այս իրողություններն ակնհայտ կոնտրաստ են ստեղծում Հայաստանի քաղաքական կյանքում՝ ստեղծելով պայքարի երկու հարթություն։ Մի կողմից՝ հակահեղափոխության ռևանշի վտանգը քաղաքական ուժերին կոնսոլիդացնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության շուրջը, մյուս կողմից՝ օրինակ, Երևանի ավագանու առաջիկա օրերին մեկնարկող ընտրական գործընթացում հակահեղափոխական ռևանշը ներկայացված չէ, իսկ պայքարը ծավալվելու է Նիկոլ Փաշինյանի թիմի ու այն կուսակցությունների միջև, որոնք վերջին օրերին աջակցում են նրան կամ ներկայացված են նրա կառավարությունում։ Քաղաքական դաշտի այս երկշերտությունը պահպանվելու է մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնց հավանաբար ինչ-որ ձևաչափով կմասնակցի Ռոբերտ Քոչարյանի թիմը կամ առնվազն կառաջացնի մասնակցության սպասում, ինչը դարձյալ թույլ չի տա, որպեսզի այդ ընտրություններում ակնկալենք դասական քաղաքական պայքար։
Այլ խոսքով՝ Քոչարյանի գործոնը միայն բացասական ազդեցություն է ունենում քաղաքական բնականոն հարաբերությունների ձևավորման տեսանկյունից։ Դասական իմաստով՝ Քոչարյանի շուրջը չի կարող առաջանալ քաղաքական այլընտրանք, ու երկրորդ նախագահը գեներացնելու է կոնսոլիդացիա, որն ուղղված է լինելու հակահեղափոխությանը, ինչը գործնականում բացառում է առաջիկայում հեղափոխության դեմոկրատական հակակշռի ձևավորման հնարավորությունը, որովհետև երկբևեռ մոդելի գոյությունը առաջացնում է «հեղափոխություն-հակահեղափոխություն» կոշտ դիլեման՝ զրոյացնելով մյուս քաղաքական ուժերի մանևրելու հնարավորությունը։ Քաղաքականության մեջ կրկին առաջանում է «սև-սպիտակ» մոտեցումը, այսինքն՝ եթե հեղափոխական չես, ապա հակահեղափոխական ես, և հակառակը։ Սա փակում է առողջ քննադատության ճանապարհը, քաղաքական դիսկուրսի, դեմոկրատական ընդդիմության ձևավորման ճանապարհը։
Նիկոլ Փաշինյանի թիմը թերևս համոզված է, որն ինքն օժտված է հանրային վստահության մեծ պաշարով, և առաջիկա հանրահավաքի մարդաշատությունը հուժկու հարված է լինելու հակահեղափոխական ռևանշին, բայց նաև՝ Փաշինյանի ուղերձը մյուս բոլոր քաղաքական ուժերին, որ իր ու հասարակության հարաբերություններում միջնորդներ պետք չեն, այլ խոսքով՝ քաղաքական դաշինքի գաղափարը կորցնում է իր ակտուալությունը։
Քաղաքական նման խճանկարը բնավ էլ լավ հեռանկար չի խոստանում Հայաստանին։ Իհարկե, հակահեղափոխական ռևանշի հաղթանակի հնարավորությունները համարում ենք նվազագույն, մյուս կողմից՝ դրա ջախջախումից հետո դարձյալ ունենալու ենք, ըստ էության, միաբևեռ քաղաքական համակարգ, ինչը ռիսկեր է ծնում Հայաստանի դեմոկրատական հեռանկարի համար։
Ռոբերտ Քոչարյանը, որ իր նախագահության տասնամյակում ամայացրել է Հայաստանի քաղաքական դաշտը, այսօր իր ներկայությամբ հետևողականորեն խանգարում է դրա կայացմանը։ Հուսանք, որ սա Քոչարյանի վերջին վատությունն է Հայաստանին։