Կասկած չկար, որ քաղաքականություն վերադարձի դեպքում Ռոբերտ Քոչարյանի առանցքային խաղաքարտերից պետք է դիտարկվեր նրա պաշտոնավարման տարիների երկնիշ տնտեսական աճը:

Երկրորդ բացառիկ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսեց այդ մասին՝ հայտարարելով, թե ժողովրդի գրպանը փող հայտնվեց: Նա իրավացի էր՝ ժողովրդի գրպանը փող հայտնվեց, և նույնիսկ սկսվեց ներգաղթ: Բայց պատճառը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հմուտ տնտեսական քաղաքականությունն էր, այլ նավթի բարձր գինն ու Ռուսաստանում տնտեսական բարեկեցության աճը, որը ստեղծեց հայկական տնտեսության «վագրային թռիչքի» երկու նախադրյալ: Ռուսաստանում առաջացան շատ մեծ փողեր, և դրանց տերերի մոտ առաջացավ այդ փողերը ծախսելու ավելի մեծ տարածությունների պահանջարկ: Ռոբերտ Քոչարյանը որոշ շրջանակների, օրինակ՝ այն ժամանակ Մոսկվայում շինարարության շուկայում գերխաղացող Լուժկովների ընտանիքին առաջարկեց խաղալ Հայաստանում, նաև էլի շատերին:

Երկրորդը՝ Ռուսաստանում առաջացան փող աշխատելու հնարավորություններ, որոնք էլ բերեցին դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալների աճի, որոնք անցան տարեկան 2 միլիարդ դոլարից: Այսինքն՝ Ռուսաստանում աշխատող հարյուր հազարավոր հայաստանցիներ տարեկան Հայաստանի տնտեսության մեջ կատարում էին ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրում:

Ապահովեք հիմա այդպիսի ծավալ, և կտեսնեք, որ կառավարությունը գրեթե մատը մատին չտալու պայմաններում անգամ կկարողանա ստանալ բավական բարձր տնտեսական աճի ցուցանիշներ: Բայց Ռոբերտ Քոչարյանը ոչ թե մատը մատին չէր տալիս, այլ տվեց, սակայն հակառակ ուղղությամբ: Տրանսֆերտների աճին զուգահեռ Հայաստանում գրեթե կրկնակի նվազեցվեց դրամի փոխարժեքը, այսինքն՝ դոլարը գրեթե կրկնակի էժանացավ, և փաստորեն այդ միջոցով իշխանությունը հանրության ձեռքից վերցնում էր Ռուսաստանից, արտերկրից ստացվող տրանսֆերտների կեսը, այսինքն՝ մեկ միլիարդ դոլարից ավելի:

Ահա տնտեսական աճ կոչվածի, այսպես ասած, ամբողջ մեխանիկան, որը, ի դեպ, մի քանի տարի անց պետք է բացահայտեր այդ տարիներին ԿԲ նախագահ, իսկ հետո արդեն Սերժ Սարգսյանի կառավարության վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը: Նա մի քանի անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի տարիներին երկնիշ աճը կամ դրա, այսպես ասած, գլխավոր գեներատոր դիտվող կապիտալ շինարարությունը՝ իր մուլտիպլիկատիվ էֆեկտով, սպեկուլյատիվ էր: Ով, եթե ոչ՝ Տիգրան Սարգսյանն ամենից լավ կարող էր տեղյակ լինել այդ աճի բնույթին, դրա կազմությանը: Տիգրան Սարգսյանն իհարկե այդ բացահայտման համար ուներ իր պատճառները:

Բանն այն է, որ 2008 թվականից սկսեց կտրուկ փոխվել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակը, որը մինչ այդ բավականին նպաստավոր էր Հայաստանի տնտեսական կարիքների տեսանկյունից: Ու քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Ռուսաստանին՝ ամենից ուժեղ, նավթի գնանկում, տնտեսության կառուցվածքային խնդիրներ և այլն, դա էապես սկսեց ազդել Հայաստանի վրա՝ զգալի նվազեցին տրանսֆերտները, էապես կրճատվեցին կամ դուրս բերվեցին կապիտալ շինարարության ոլորտ եկած փողերը: Դա էլ բավական ծանր կացության առաջ դրեց Սերժ Սարգսյանի կառավարությանը՝ առաջացնելով գրոհներ նրա վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Դրանք ստվերից ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը՝ ժամանակ առ ժամանակ էլ բացահայտ բանավեճի մեջ մտնելով Տիգրան Սարգսյանի հետ:

Այդ իրավիճակում Տիգրան Սարգսյանը ստիպված էր ինքնապաշտպանական նպատակով բացահայտել կամ հայտարարել քոչարյանական շրջանի սպեկուլյատիվ աճի մասին՝ այդպիսով ցույց տալու համար, որ այդ աճը իրականում եղել է փուչիկ, ու դա է Հայաստանում 2008-ից հետո տնտեսական անկման պատճառը, ոչ թե Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Ընդ որում, ոչ ուղիղ, սակայն գործնականում դա հաստատեցին նաև հաջորդ երկու կառավարությունները՝ ընդունելով, որ Հայաստանի տնտեսական վիճակը զգալիորեն պայմանավորված է եղել արտաքին միջավայրով, մասնավորապես Ռուսաստանի վիճակով՝ այդպիսով փաստորեն արձանագրելով, որ Ռոբերտ Քոչարյանն ամենևին իրենցից ավելի լավ մենեջեր չէր, պարզապես ավելի հաջողակ էր միջազգային իրավիճակի տեսանկյունից, որը անկասկած նրանից կախված չէր:

Ի դեպ, Հայաստանի տնտեսության արտաքին կախվածության խնդիրը մնում է առ այսօր, և Հայաստանի նոր իշխանության տնտեսական առանցքային խնդիրը հենց այդ կախվածությունը հաղթահարելն է, որը նախորդ կառավարությունները ձևակերպում էին, սակայն հասկանալիորեն չէին լուծում, որովհետև դրա համար պետք էր արմատական պայքար կոռուպցիոն սխեմաների դեմ: Նոր կառավարությունը սկսել է, ո՞ւր կհասնի:

loading...