Երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի, ստոպ, տղերք, կանգնեք. երեկ «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Գառնիկ Իսագուլյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանի թիմին։ Այնքան էլ էական չէ, թե Իսագուլյանի դեմքով ո՞վ է խոսողը՝ Ռոբերտ Քոչարյանի նախկի՞ն, թե՞ Բակո Սահակյանի ներկա խորհրդականը։ Ակնհայտ է, որ նախկին համակարգի հետ ասոցացվող մարդը բարձրաձայնում է քաղաքացիական սպառնալիքի վտանգի մասին՝ ակամայից բացահայտելով, որ Ռոբերտ Քոչարյանի կամ նույնիսկ Սերժ Սարգսյանի ռեստավրացիան կարող է տեղի ունենալ բացառապես ոչ լեգալ ճանապարհով։ Սա, ի դեպ, հենց ռևանշիզմն է, որը ենթադրում է հին համակարգի ռեստավրացիա ցանկացած ճանապարհով։
Քաղաքացիական ակտիվիստները մի փոքր շտապեցին, երբ էմոցիոնալ որոշման արդյունքում որոշեցին տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Երկրորդ նախագահին պետք չէր նման «նվեր» անել. նա իրեն «ձուկը ջրում» է զգում անտագոնիստական ռեժիմում, երբ կողմերի ոչ քաղաքական քայլերը կարող են այս կամ այն կերպ մոտիվացվել։ Հակառակը՝ Քոչարյանը լրիվ անպաշտպան ու ըստ էության՝ կանխատեսելիորեն պարտված է հրապարակային քաղաքականության դաշտում, որտեղ նա ստիպված է լինելու պատասխանել նաև իրեն ուղղված ոչ հաճելի հարցերի, քննադատության։ Պետք էր թույլ տալ, որ Քոչարյանը խոսի. նրա քաղաքական մերկությունը բացահայտվելու էր հենց առաջին ասուլիսում, որովհետև նա ասելիք չունի և, ըստ էության, պետք է կրկներ այն, ինչ մենք արդեն լսել ենք «Երկիր մեդիայի» եթերում՝ նույնիսկ ավելի խորացնելով ներօլիգարխիկ հակասությունները։

Հիմա նախկին համակարգի տարբեր ներկայացուցիչներ շրջանառու են դարձնում քաղաքացիական պատերազմի սպառնալիքը, որի հեռահար նպատակն ակնհայտ է։ Հասարակությանը պետք է վախեցնել, ահաբեկել, վերադարձնել նախահեղափոխական վիճակին, ի վերջո՝ նրան զրկել սուբյեկտությունից։ Սա միակ ճանապարհն է, որ քաղաքականապես կարող է «վերակենդանացնել» Ռոբերտ Քոչարյանին, որովհետև կարճաժամկետ, նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում նա չի կարող ունենալ կողմնակիցների այնպիսի բանակ, որը կարողանա լուծել անգամ խորհրդարանական ներկայության խնդիր։ Եթե Քոչարյանը անցած քսան տարիների ընթացքում չի ունեցել հասարակության անգամ նվազագույն աջակցությունը, այն չի ունենալու նաև այսօր, մանավանդ, որ քրեաօլիգարխիայի բացահայտումները տեղի են ունենում օնլայն ռեժիմով՝ ամեն օր բացահայտելով ոճրագործության կամ թալանի նոր փաստեր։

Եթե Քոչարյանը չի կարող ստանալ հասարակական աջակցություն, ապա մտածում է հասարակությանը «խաղից դուրս» թողնելու մասին։ Նա ճիշտ է հասկացել հեղափոխության հիմնական ձեռքբերումը՝ դա հասարակության սուբյեկտության վերականգնումն է, որը հնարավոր դարձրեց քրեաօլիգարխիայի անվերապահ կապիտուլյացիան։ Հիմա Քոչարյանի մարտավարությունն առավել քան տեսանելի է՝ ահաբեկել հասարակությանը ու պայմանականորեն ասած՝ նրան տուն ուղարկել։ Միայն այդ դեպքում երկրում կարող է փոխվել ուժերի բալանսը. եթե հասարակությունը դադարի սուբյեկտ լինելուց, ապա Նիկոլ Փաշինյանի թիմը կզրկվի իր հիմնական հաղթաթղթից՝ նույնիսկ անհավասար մրցակից դառնալով Քոչարյանի ռևանշիստների համար, որոնք նման իրավիճակներում կարող են գործի դնել իրենց ահռելի ֆինանսական հնարավորությունները, խարդավանքների ու ահաբեկչության զինանոցը։ Երբ հասարակությունն ակտիվ է, Քոչարյանի այս գործիքներն աշխատում են նվազ արդյունավետությամբ. ոչ ոք չի ուզենա նույնիսկ մեծ գումարների դիմաց դառնալ հասարակական ցասման թիրախը։

Նիկոլ Փաշինյանը, հակառակը՝ գնում է հասարակության ակտիվացմանը ու կոնսոլիդացիային, ինչի դրսևորումն է դառնալու վաղվա հանրահավաքը։ Սակայն հանրահավաքն ինքնին քաղաքականության հիմնական գործիք չէ, այլ ընդամենը միջոց, որը պետք է սպասարկի քաղաքական օրակարգը։

Քոչարյանի ռևանշիզմին հակադրվելու լավագույն տարբերակը հասարակության ակտիվությունն ու վստահությունը ֆորմալիզացնելն է, իսկ դրա ռացիոնալ լուծումն արտահերթ ընտրությունների արագ անցկացումն է։ Երբ մրցակիցը հարձակվում է դիրքերիդ վրա, պատերազմը պետք չէ հետաձգել՝ ժամանակացույցի պատճառաբանությամբ. արդյունավետ հարձակումը շատ դեպքերում ավելի ճիշտ է, քան ծախսատար ու անկանխատեսելի պաշտպանությունը։


Աղբյուրը՝ 1in.am

loading...