Ինչպես և կանխատեսել էինք՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքը սահմանագծային էր լինելու նաև մյուս կուսակցությունների հետ ՔՊ-ի հարաբերությունները ճշգրտելու առումով: Երեկ հանրահավաքում վարչապետը փաստացի տվեց ընտրական ցիկլի ոչ պաշտոնական մեկնարկը՝ ըստ էության, հրաժարվելով կառավարության ձևավորման ազգային համաձայնության մոդելից, որի անարդյունավետության մասին մենք խոսել ենք դեռ շատ վաղուց, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել էր վարչապետությունը ու քննարկվում էր նրա անցումային կաբինետի կառուցվածքն ու կադրային կազմը: Երեկվա հանրահավաքում Փաշինյանը պնդել է, թե Հայաստանում չկա կոալիցիա, չկա կոալիցիոն իշխանություն, չկա խորհրդարանական մեծամասնություն։ «Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին»,- ասել է վարչապետը:
Ժողովրդական իշխանության մասին Փաշինյանի տեսակետներին կանդրադառնանք մեկ այլ առիթով, հիմա արձանագրենք նրա երեկվա խոսքի, ասպես կոչված, կիրառական քաղաքական հետևանքը: Հեղափոխության առաջնորդը փաստացի հասկացնում է, որ այլևս կաշկանդված չէ գործընկերային պայմանավորվածություններով, ավելին՝ ընտրական գործընթացի մոտալուտ մեկնարկը անբնական է դարձնում այսօրվա կառավարության գոյությունը, որովհետև դրանում ներկայացված բոլոր կուսակցությունները թե Երևանի ավագանու ու թե խորհրդարանի արտահերթ ընտրություններում լինելու են ոչ թե դաշնակիցներ, այլ՝ մրցակիցներ: Իհարկե, Փաշինյանը գուցե նման սրությամբ հայտարարություն չաներ, եթե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո երկրորդ նախագահի բացահայտ աջակցությամբ հանդես չգար ՀՅԴ-ն, որը կաբինետում ունի երկու նախարար: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանի երեկվա ելույթից հետո կառավարությանը մաս կազմող կուսակցությունները պետք է հետ կանչեն իրենց նախարարներին. հասարակության վստահության մանդատը պատկանում է գործող վարչապետին ու կառավարության կառուցվածքի նրա տեսլականն այս հարթության վրա միանգամայն լեգիտիմացված է: Սակայն՝ անկախ այն հանգամանքից, թե ֆորմալ առումով երբ տեղի կունենա այս կառավարության լուծարումը կամ վերակազմակերպումը, ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՔՊ-ն մտադիր է ձևավորել իր կառավարությունը. այս պահին տեսանելի չէ, որ ընտրություններում որևէ քաղաքական ուժ կարող է լուրջ մրցակցություն ցուցաբերել վարչապետի կուսակցությանը:
«Ելք»-ի իր գործընկերների հետ հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է մինչև հանրահավաքը: Այլևս պարզ է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն մասնակցելու է առանձին՝ որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելով դերասան Հայկ Մարությանին, որը երեկվա հանրահավաքում տրիումֆալ կերպով ներկայացվեց հասարակությանը: Ըստ ամենայնի՝ ՔՊ-ն մասնակցության այս ձևը նախընտրելի կհամարի նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները՝ «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաստանը», հենց երեկ պաշտոնապես հայտարարեցին, որ Երևանի ավագանու ընտրություններում կազմավորելու են միասնական ցուցակ՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ:
Սրանք կանխատեսելի իրադարձություններ էին, որոնք մի կողմից՝ բխում էին հեղափոխության տրամաբանությունից, մյուս կողմից՝ այն աշխարհահայացքային տարբերություններից, որոնք ունեին ՔՊ-ն և մյուս երկու կուսակցությունները: Իհարկե, դաշինքը կարող էր պահպանվել քաղաքական բազմազանության հենքով ու դա կլիներ քաղաքական նոր մշակույթի դրսևորում, սակայն հաղթողին չեն դատում, իսկ հեղափոխության առաջնորդն ու նրա թիմը որոշում կայացրեցին, որ իրենց պետք են ոչ թե դաշնակիցներ, այլ՝ ՔՊ-ի խոշորացման գործընթացին մասնակից քաղաքացիական սեգմենտներ, որոնց հաշվին ենթադրվում է լուծել կառավարող կուսակցության կադրային բազայի կամ հեղափոխության թիմի ընդլայնման խնդիրը: Կուսակցության խոշորացման այս մոդելը նորություն չէ, մենք դա տեսել ենք նաև Հայաստանում, երբ ՀՀՇ-ն կամ ՀՀԿ-ն դարձել են զանգվածային կուսակցություններ: Մնում է հուսալ, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում նույնպես օրիգինալ կլինի ու մեկ տարի հետո ստիպված չենք լինի արձանագրել կառավարող կուսակցության և իշխանության վտանգավոր սերտաճման մասին:
Մյուս կողմից՝ բացարձակապես անընդունելի է, երբ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հրապարակավ խոսում է «Ելքի» սպառվածության մասին: Մեծ հաշվով՝առանց 2017-ի «Ելքի» ֆենոմենի՝ հնարավոր չէր դառնալու խորհրդարանական ֆրակցիայի ձևավորումը, թավշյա հեղափոխության հաղթանակը: Հենց այս դաշինքը հանդիսացավ ցանցային արդյունավետ կառավարման նախատիպը, որը հետո մոդելային դարձավ հեղափոխության համար, բացի այդ՝ իր արտաքին քաղաքական նախաձեռնություններով, հատկապես՝ ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկմանը վերաբերող հայտնի նախաձեռնությամբ, «Ելքը» հասարակության շատ շերտերի համար դարձավ իրական այլընտրանքի մարմնավորում: Հեղափոխության փաստն ինքնին չի կարող սպառել «Ելքի» առաքելությունը, որովհետև պատմական այդ իրադարձությունը ինստիտուցիոնալ հարթության վրա անշրջելի չի դարձրել Հայաստանում եվրոպական մոդելի պետության կառուցումն, ինչն, ի դեպ, ծրագրային առաջնահերթություն էր դաշինքի համար: Ի դեպ, դաշինքի փաստացի լուծարումը բնավ խոչընդոտ չէ, որ դրա նախկին մասնակիցների հարաբերությունները կառուցվեն գործընկերային հենքով. ի վերջո՝ «Ելքը» եղել է հաջողության միջոց, հասարակությունը վստահել, հավատացել է նրան, իսկ ներառականության սկզբունքը առաջնահերթություն է եղել դաշինքի, այսօր նաև՝ կառավարության համար:
Այլ խնդիր է, որ «Ելքի» փաստացի լուծարումը հեղափոխություն ծնած նոր ստատուս-քվոյի հետևանքներից մեկն է: «Հանրապետություն» և «Լուսավոր Հայասատան» կուսակցությունների դաշինքը հետհեղափոխական Հայաստանում դեմոկրատական հակակաշիռ ստեղծելու կամ հեղափոխության պլատֆորմի հիման վրա դեմոկրատական ընդդիմություն ձևավորելու առաջին փորձն է ու շատ կարևոր է դրա հաջողումը՝ հենց հեղափոխության ինստիտուցիոնալիզացիայի տեսանկյունից: Նոր դաշինք ձևավորող երկու կուսակցությունները հավատարիմ են հեղափոխության օրակարգին, սակայն կարող են համարել, որ հեղափոխության լիարժեք հաղթանակը ենթադրում է Հայաստանի նաև արտաքին քաղաքականության կուրսի վերանայում: Նոր դաշինքը՝ իր հստակ արևմտյան կողմնորոշմամբ, կարող է իր շուրջ համախմբել հեղափոխության հազարավոր կողմնակիցների, որոնց համար դժվար է պատկերացնել եվրոպական մոդելի պետության կառուցում եվրասիական ինստիտուցիոնալ միջավայրում: Այս իմաստով՝ «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» նոր դաշինքը ոչ թե հակադրվում է հեղափոխությանը, այլ գալիս է հարստացնելու այն՝ բազմաբևեռ քաղաքական համակարգ կայացնելու իր առաքելությամբ: