ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը քննարկել է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու հարցը, որպեսզի Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած փաստաբանների հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դառնան: Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանին ազատ էր արձակել սահմանադրական անձեռնմխելիության հիմքով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ իրենց ներկայացրած բողոքում անձեռնմխելիության հիմքից բացի՝ կա առնվազն երկու հիմք, որոնք, իր համոզմամբ, ոչ պակաս կարևոր են:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը հանրության մեջ պարզապես ցանկանում է ստեղծել տպավորություն, թե մի բան էլ իրենք դժգոհ են, իրենք կապ չունեն դատարանի կողմից մեկ այլ հիմքով ազատ արձակելու որոշման հետ, այսինքն՝ արտաքուստ թողնում են դժգոհ մարդու կերպար։
«Ինձ համար դա ձևականության տարր է, իբր դժգոհ են, դիմում են Վճռաբեկ դատարան։ Ես կարծում եմ, որ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելը անօրինական է։ Եթե օրենքից ենք խոսում, ապա Քոչարյանին չպետք է ազատ արձակեին։ Պետք է կալանքի տակ պահեին, որովհետև կալանքի բոլոր հիմքերը կային։ Առավել ևս, երբ երեկ լսեցի իր խոսքը, պարզ դարձավ, որ այդ մարդը չի էլ գիտակցում՝ ինչ է արել։ Իմ կարծիքն այն է, որ ՔՕ համապատասխան հոդվածները դեռ մի բան էլ քիչ են, նա ավելի շատ արարք է կատարել, քան այն, ինչ վերագրվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Սաֆարյանի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի նման որոշումը ևս մեկ անգամ փաստեց, որ ավանդական կապերը դեռևս պահպանվել են, ու օրինական դաշտ ապահովելն այդպես էլ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել։ «Դատարանները, որոնց վրա հույս էր դրվել, և որոնց մոտ ոչինչ չի փոխվել, ձևական պատճառաբանություններով կալանքից ազատել են մի մարդու, որի արարքը հիմնավորված է, հիմնավոր կասկածն էլ առկա է, ու որևէ խլրտալու տեղ չկար. կարծում եմ՝ դատական համակարգի պարտությունն էր»,- շեշտեց Սեդա Սաֆարյանը, ապա ավելացրեց՝ Նիկոլ Փաշինյանի ձայնը դատարաններին չի հասել։
«Այսօր բացահայտ արդար չէ Քոչարյանի նկատմամբ նման վերաբերմունքը, և դրանով կրկին անգամ հիասթափություն ապրեց հանրությունը։ Քոչարյանն այսօր դրսում է, կօգտագործի բոլոր կապերը։ Դժվարացել է նաև նախաքննական մարմնի աշխատանքը՝ վստահ եմ։ Սա նաև երկրի վարչապետի խնդիրն է, որ դատարաններին կարողանա իր խոսքը տեղ հասցնել, որ արդար լինեն։ Սա արդարության դեմ ուղղված որոշում էր»,- ընդգծեց փաստաբանը։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, ըստ Սաֆարյանի, խախտվեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը։ «Ես չգիտեմ՝ ի՞նչ անձեռնմխելիության մասին է խոսքը, երբ սահմանադրական բոլոր նորմերը խախտվել են հենց Քոչարյանի կողմից, որոնք հանցավոր բնույթ ու հետևանքներ են ունեցել։ Ի՞նչ անձեռնմխելիության մասին կարող է խոսք լինել։ Նաև նշեմ, որ եթե այս գործի 1/10 կամ 1/5 մասը սովորական քաղաքացու դեպքում լիներ, բնականաբար բոլորը մինչև վերջին խազը պատասխանատվության կենթարկվեին։ Իհարկե, Հայաստանում կրկին ապացուցվեց, որ օրենքի գերակայության սկզբունքն անգործելի է»,- իր խոսքն ամփոփեց Սեդա Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ հաշվի առնելով այն, որ Սահմանադրության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Հատուկ քննչական ծառայությունը, մեկնաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշումը, այն որակել էր ապօրինի, իսկ Դատախազությունը հայտարարեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը: