Նախօրեին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կասկածի տակ դնելով ՀԲՖ-ի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքը՝ հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում կստեղծվի բռնցքամարտի նոր հանրապետական ֆեդերացիա:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանը ի պատասխան Ծառուկյանի՝ իր հերթին հայտարարեց, որ ՀԱՕԿ-ն ամենևին էլ վերադաս չէ: «ՀԱՕԿ-ը բռնցքամարտի ֆեդերացիան գրանցող մարմին չէ: ՀԲՖ-ն հաստատվում է միջազգային ֆեդերացիայի ԱԻԲԱ-ի կողմից, ուստի ՀԱՕԿ-ի կողմից միջամտությունը օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է»,-նշեց Գևորգյանը:
Վերջինս նշեց նաև, որ ՀԱՕԿ-ի կողմից միջամտության վերաբերյալ իրենք պաշտոնական նամակով դիմելու են Միջազգային օլիմպիական կոմիտեին, որպեսզի վերջինս կանխի ապօրինի միջամտությունը:
Գևորգյանի խոսքով՝ ԱԻԲԱ-ն ՀԲՖ-ին նամակ է ուղարկել նշելով, որ Հայաստանի սպորտի կառույցը կասկածներ ունի ընտրությունների վերաբերյալ:
«ԱԻԲԱ-ն մեզնից խնդրել է որոշակի տեղեկություններ, որոնք արդեն իսկ ստացել են այդ փաստաթղթերը և շնորհավորել են մեզ»,-հավելեց Գևորգյանը: