«Պատրաստ եմ առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Բարձրագույն խմբի բոլոր 9 թիմերը հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել են իմ թեկնածությունը: ՀՖՖ-ի նախագահը և գործկոմը նիստ կհրավիրեն և կհայտարարեն նոր ընտրությունների մասին: Հենց այդ ժամանակ էլ կարծում եմ, որ կառաջադրվեմ:
Հիմա, քանի դեռ չկա հայտարարություն, որ լինելու են նոր ընտրություններ, ես չեմ կարող պաշտոնական հայտարարություն անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վերջինս նշեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը չի կխանգարի իր ներկայիս աշխատանքին:
«ՀՖՖ-ում գործերը կատարելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները, սակայն ես նույնպես ակտիվ մասնակցություն եմ ունենալու: Կարծում եմ նաև, որը ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին»,- հավելեց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանի առաջադրվելու պարագայում չի մասնակցի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին: ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան առաջիկա սեպտեմբերին: